«Ժողովուրդ». Երևանի ավագանու ամեն հաջորդ նիստերին մասնակիցների թիվը նվազում է. Ինչ է մտածում ղեկավարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ներկայիս կազմով ավագանին գործում է արդեն երկու տարուց ավելի. առաջին նիստը գումարվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Եվ ուշագրավ է, որ այս երկու տարվա ընացքում չի եղել մեկ դեպք անգամ, երբ ավագանու բոլոր 65 անդամները ներկա լինեն:
Ավելին, հենց առաջին նիստին մասնակցել է ավագանու 61 անդամ՝ 65-ի փոխարեն, արդեն երկրորդ նիստին մասնակցում էր 57 անդամ, և նիստից նիստ այդ թիվն այնքան է նվազել, մինչև վերջին՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ավագանու նիստին ներկա էր ընդամենը 34 անդամ:
Ընդ որում, քվորումն ապահովեցին մեծ դժվարությամբ՝ ավագանու ընդդիմադիր անդամների հաշվին: Եվ, նկատենք, ամեն անգամ բացակաները հենց իշխանական խմբակցության անդամներն են լինում, իսկ քաղաքապետարանի աշխատակազմ էլ մեծ դժվարությամբ է կարողանում ավագանու անդամներին բերել քաղաքապետարան:
Եվ նաև դա է պատճառը, որ, նախատեսված ժամի փոխարեն, նիստը մեկնարկում է 10-15 րոպե ուշացումով, քանի որ այդ ընթացքում աշխատակազմը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, զանգահարում է ավագանու անդամներին և նրանց հրավիրում, անգամ համոզում գալ և ներկայանալ նիստերին, ինչը, փաստորեն, ոչ միշտ է ստացվում:
Ստացվում է՝ հենց իշխանական խմբակցության ավագանու անդամների համար, այսպես ասած, էական չեն նիստերը, քանի որ նրանցից շատերը ոչ միայն մինչև վերջ չեն մնում նիստերին, այլ, փաստորեն, առհասարակ ներկա չեն լինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում