«Հրապարակ». Խորհուրդ կտամ սառը հյութ խմել. Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են
Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի հին գվարդիան՝ ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։ Հնարավո՞ր է նման բան․ երեկ հարցրինք Նաիրա Զոհրաբյանին։ Նա ասաց․ «Ինձ զարմացնում է, որ տարբեր քաղաքական ուժեր, անձինք, երկրի համար կարևորագույն օրակարգերը մոռացած, զբաղված են Նաիրա Զոհրաբյանի անձով։ Ի հիասթափություն շատ-շատերի, Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները հրաշալի են, ո՛չ աշխատանքային, ո՛չ մարդկային խնդիր չկա։ Եվ ես ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մտադրություն և ցանկություն չունեմ»։
Ինչ վերաբերում է հաջորդ ԱԺ «ցուցակին», Զոհրաբյանն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է, և իր համար հիմա առավել կարևոր խնդիրներ կան՝ ռազմագերիների, անհետ կորածների և Արցախում հումանիտար ճգնաժամի խնդիրը․
«Այս խնդիրներով ես, ի դեպ, դիմել եմ հումանիտար տարբեր կազմակերպությունների և երկուշաբթի Պետդումայի հրավերով կլինեմ Մոսկվայում, կունենամ տարբեր հանդիպումներ, որոնց օրակարգում է լինելու ռազմագերիների խնդիրը։ Իսկ նրանց, ում հետևողականորեն հանգիստ չի տալիս իմ անձը, և փորձում են իմ շուրջ արհեստական աղմուկ և սենսացիա փնտրել, խորհուրդ կտամ սառը հյութ խմել՝ իմ անձի հանդեպ անհասկանալի բարդույթներից և կախվածություններից ազատվելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում