Ռուսաստանն արձագանքեց TRT1-ով «Մեծ Թուրքիայի» քարտեզի ցուցադրման դեպքին
Ռուս քաղաքական գործիչները և փորձագետները խոսել են թուրքական հեռուստաընկերության կողմից ցուցադրված քարտեզի մասին, որով կանխատեսվել էր Անկարայի ազդեցության գոտու ընդլայնումը դեպի Ռուսաստանի հարավ: Ռուս փորձագետների կարծիքները ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մի քանի օր առաջ TRT1 պետական հեռուստաընկերության եթերում ներկայացվել էր մի քարտեզ, որն արտացոլում է Stratfor-ի կանխատեսումները Թուրքիայի ազդեցության ոլորտի ընդլայնման վերաբերյալ: Ներկայացված կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը Թուրքիայի ազդեցությունն ընդգրկելու է Հյուսիսային Աֆրիկայի, Միջին Արևելքի, նախկին ԽՍՀՄ մի շարք պետություններ, ինչպես նաև Ռուսաստանի հարավային շրջանները՝ ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը և Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը նշել է, որ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին, բայց կասկածում է, որ Անկարան կցանկանա ուժի կիրառմամբ կցել ռուսական տարածքները:
«Ինչ վերաբերում է Ղրիմին և Սևաստոպոլին, ապա այս հարցի վերջակետը դրվել է, նախագահը խոսեց այս մասին: Դրանք Ռուսաստանի Դաշնության երկու սուբյեկտներն են: Ինչ վերաբերում է Հյուսիսային Կովկասի մյուս շրջաններին, ապա չպետք է բերան բացել ուրիշի ունեցածի վրա»,-ասել է պատգամավորը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված մեկնաբանության ժամանակ:
Կրասովը նաև կոչ է արել թուրք պաշտոնյաներին ավելի խորությամբ ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը:
«Եթե նրանք ուզում են ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»,- եզրափակել է խորհրդարանականը:
Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն էլ Duma TV- ի եթերում ասել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հավակնությունները Ղրիմի վերաբերյալ, իսկ երկրի քաղաքական շրջանակները լրջորեն քննարկում են թերակղզին իրենց միացնելու հարցը:
«Հասկանալի է, որ թուրքական կողմն իսկապես ցանկանում է վերադարձնել իր ազդեցության գոտին, որն ունեցել է երեք դար առաջ, գուցե նույնիսկ՝ գրավել որոշ տարածքներ, բայց չեմ կարծում, որ դա կարելի է ինչ-որ ձևով լուրջ քննարկել»,- ասել է պատգամավորը:
Շպերովը հորդորել է պատրաստ լինել ամեն ինչի ու հավելել, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ռուս քաղաքական գործիչների հայտարարություններին: Նա նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պետք է արձագանքի թուրքական պետական հեռուստաալիքի ցուցադրած քարտեզին:
«Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար, արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն NSN-ի եթերում ասել է, որ Անկարան փորձում է երկրի կայսերական անցյալը նախագծել ներկայիս Թուրքիայի վրա:
«Եվ երբ նրանք նայում են Ղրիմին, Եվրոպային և Մերձավոր Արևելքին, հիշում են, որ ժամանակին դա մեկ պետություն է եղել»,- բացատրել է նա:
Փորձագետը վստահ է, որ քարտեզի ցուցադրումը քարոզչության մաս է, և Թուրքիան էական ազդեցություն չունի Ռուսաստանի վրա և հետագայում էլ չի ունենալու:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ում համար է նախատեսված այս քարոզը: Թուրքիայի բնակչությանը դա չի հետաքրքրում: Եթե դա արտաքին լսարանին է ուղղված, պարզ չէ, թե ով է դիտում այն», - ավելացրել է Մալաշենկոն:
Ըստ նրա՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կա պանթուրքիզմի մի ուղղություն, որի էությունը Թուրքիային «Թուրքական աշխարհի» առաջնորդ դարձնելն է, և Անկարան այս առումով իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Կենտրոնական Ասիայի վրա:
«Ինչ վերաբերում է այն պետություններին, որտեղ թուրքերը փոքրամասնություն են կազմում, այնտեղ Թուրքիայի գործունեությունն ավելի խորհրդանշական է: Այն առկա է Եվրոպայում, Ռուսաստանում և Ղրիմում: Բայց դա հատուկ արդյունքի չի բերում»,- եզրափակել է արևելագետը:
Նշենք, որ ըստ ներկայացվող քարտեզի, Թուրքիայի ցանկալի ազդեցության գոտիներն են լինելու Հայաստանը, Հունաստանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Կիպրոսը, Վրաստանը, Աբխազիան, Օսեթիան, Սիրիան, Եմենը, Օմանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբանանը, Եգիպտոսը, Լիբիան։
Թուրքիան ցանկանում է իր ազդեցության գոտի դարձնել նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանները, Ղրիմը, Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան