Այս իշխանության օրոք Հայաստանում ամեն երրորդը դարձել է աղքատ. Թադևոս Ավետիսյան
«Այսօրվա կառավարությունը ես անվանում եմ անդաստիարակ ծրագիր»,- «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Թադևոս Ավետիսյանը և ընդգծեց, որ իշխանությունն օգտվելով ժողովրդի էյֆորիկ վիճակից, որևէ չափելիություն չդրեց իր խոստումների մեջ:
Ըստ տնտեսագետի, այն ժամանակից էլ պարզ դարձավ, որ ունենալու էինք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու էր կառավարման խնդիրների:
Նկատելով, որ իշխանությունները սոցիալական ոլորտում խոստանում էին երջանկություն, աղքատության վերացում, արտահանման վրա հիմնված տնտեսական մոդել և նպաստից արժանապատիվ աշխատանք՝ Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ իրականում ամեն ինչ հակառակը եղավ:
Նրա խոսքով, գործազրկության մակադակը խորացել է, աղքատության մակարդակը՝ բարձրացել, և դրան զուգահեռ արձանագրվում է ՀՆԱ-ի և արտահանման անկում:
Հերքելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում հիշատակած 2019 թվականի աննախադեպ աճի մասին պնդումը՝ տնտեսագետը շեշտեց, որ այն համադրելի է եղել 2017 թվականի աճի հետ, բայց արտահանումն առաջնային հայտարարած կառավարությունն արդեն դրա ծավալը 2.5 անգամ իջեցրել է:
«Սոցիալական երջանկությունից խոսացողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության մակարդակի 3 տոկոսային կետի աճ՝ 2018-ին 23.5 տոկոս է եղել աղքատության մակարդակ, 2019 -ին՝ 26.5 տոկոս»,- հայտարարեց նա և համոզմունք հայտնեց, որ 2020 թվականի ամփոփված տվյալներով, այն հասնելու է 30 տոկոսի և հասարակությունը արձանագրելու է, որ Հայաստանում նախկին ցուցանիշներով ամեն չորրորդի փոխարեն արդեն ամեն երրորդը դարձել է աղքատ:
Տնտեսագետը նկատեց, որ նույն վիճակն է նաև կապիտալ ծախսերի գծով:
«2019 թվականի մեծ թիվ գրեցին բյուջեում, ցույց տվեցին որ գործ են անում, բայց արդյունքում այդ գումարի 60 տոկոսը չծախսեցին»,- հայտնեց Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի բերած տվյալների, արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 22 տոկոսով՝ 5-6 անգամ ավելի արագ, քան երկրում ստեղծված ավելացված արժեքը:
«Եթե այս իրշախանությունը, Աստված չանի շարունակի մնալ և 2021 թվականը փակի, ապա մենք ՀՆԱ-ին համարժեք պարտք ենք ունենալու»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը և նկատեց, որ միայն այս իշխանությունների օրոք արդեն 1.9 մլրդ դոլարով ավելացել է պետական պարտքը և հասնում է արդեն ՀՆԱ-ի անթուլատրելի շեմին՝ 70 տոկոսին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին