Ոչ մի հասարակած տան մեջ այսքան անբարոյականներ դժվար թե կուտակված լինեն. Սրապիոնյանը՝ իշխանություններին
«Նրանք չեն մտածում զոհվածների, հաշմանդամների, նրանց ծնողների վիճակի մասին և 19 մլրդ-ով ավելացնում են իրենց պարգևավճարները, ավելի մեծ անբարոյականություն ես ոչ մի հասարակած տանը չեմ կարող մատնացույց անել, ոչ մի հասարակած տան մեջ այսքան հասարակած անբարոյականներ դժվար թե կուտակված լինեն»,- հայտարարեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամների և պատերազմում վիրավորված զինվորների հանդիպման ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա շեշտեց, որ ուղիղ է ասում և չի հայհոյում՝ քանի որ 10 միլիոն չունի, որ տույժը վճարի, եթե ունենար՝ կհայհոյեր:
Գրականագետի խոսքով, ինքն այնպիսի բան է ասում, որ իշխանությունները դատարանով միայն ապացուցեն, որ այն հայհոյանք է, իսկ իր ասածն ուղղակի բնութագիր է:
«Անբարոյականների մի խումբ այսօր բազմած է մեր գլխին և քշում է մեզ ուր որ, բայց մենք քշվող ժողովուրդ չենք եղել՝ երբեմն եղել ենք նաև քշող»,- հայտարարեց Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ մամուլով տարածված այն կարծիքը, որ մենք գործ ունենք թուրքական երկու պետությունների շահերի սպասարկումենրի հետ, գնալով ավելի է հաստատվում, և հավելեց, որ հասարակությունը գործ ունի տգետ խառնամբոխի հետ, որը չունի հայրենիքի գիտակցությունը, քանի որ վաղ մանկությունից սնվել է տարբեր աղբյուրնեից՝ գլոբալացվող, լիբերացումներով և այլ իզմերով:
Գրականագետը գտնում է, որ ապիկար իշխանությունների փորած փոսից դուրս գալու համար, պետք է ժողովրդի ուժերի լարումը և մտավորակնները փորձում են այն հասցնել հասարակությանը:
Անդրադառնալով Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը՝ Սրապիոնյանը նշեց. «Ինչ որ մեկը, որը գաղափար չունի Նժդեհի ամբողջ փիլիսոփայությունից, նժդեհի գաղափարախոսությունից և նրան հայտարարում է ֆաշիստական գաղափարաբանության կրող, և տարածող, լավ կլիներ, որ կարդար հենց Նժդեհին, որը շատ հստակ տարբերակում է և՛ ֆաշիզմի գաղափարաբանությունը, և՛ շովինիզմի գաղափարաբանությունը, և՛ ազգային փրկության գաղափարաբանությունը»:
Նա հիշեց Դուրյանի այն խոսքը, ըստ որի, փոքր ազգերին մի փոքր շովինիստ լինելն անհրաժեշտ է, որովհետև այն իրենց փրկությունն է լինելու:
Սրապիոնյանը գտնում է, որ ազգայնամոլությունն ազգայնականության հետ շփոթողը իրավունք չունի զբաղեցնելու այնպիսի պատասխանատու պաշտոն և պատասխանատու դիրք հասարակության մեջ, ինչպիսին է ԿԳՄՍ նախարարարությունը, որն ուղիղ իմաստով ամենատարբեր խավերի շահերի սպասարկողն է:
«Ես չգիտեմ, թե ինչով է մտածում, կամ ինչպես է մտածում սույն տիկինը, բայց որ այդպիսի միտք կարող են ասել հայ ժողովրդի ամենաոխերիմ թշնամիները և ջուր է լցվում այդ թշնամիների ջրաղացին՝ միանշանակ է»,- հայտարարեց Սրապիոնյանը և նկատեց, որ եթե մարդ հասել է այդպիսի պաշտոնի, ապա կարելի է մտածել, որ նա այնքան էլ միամիտ արտահայտություն չի անում և հավելեց, որր սպասում է ավելի վատ արտահայտությունների:
Գրականագետը նկատելով, որ իշխանություններն իրենց պարգևատրման կեսի չափ գումար չեն տալիս գիտության զարգացմանը՝ հայտարարեց, որ այն միամիտ քայլ չէ, նրանք պարզապես սպանում են նաև գիտությունը:
«Իսկ մեր նավթը, գազը, օգտակար հանածոներն իրենց ամբողջության մեջ հենց մեր ուղեղն է, գիտելիքները: Այս ժողովուրդը դատապարտված է սեփական ուղեղով բացելու իր ճանապարհը ազգերի մեծ տարածության մեջ, եթե խլում ես այն ազգից, ապա այն դատապարտված է կործանման»,- հայտարարեց գրականագետը և հորդորեց ուսումնասիրել թե հայ գիտնականները ինչ ներդրում են ունեցել համաշխարհային գիտության զարգացման մեջ, որից հետո հասարակությունը կհասկանա, թե ինչու է ինչ-ինչ կենտրոններից հարված հասցվում հենց գիտությանը: