Դատախազությունը, ՀՔԾ-ն կարող են գործադիր իշխանության վերահսկողությունից դուրս գալ. Արա Զոհրաբյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննության ժամանակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու գործընկերները ներկայացրել են բողոքը և արձագանքել ՀՀ դատախազության և ՀՔԾ ներկայացուցիչների առարկություններին:
Դատարանը ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը հետաձգեց՝ գործով ներկայացված փաստական տվյալներին առարկայական ծանոթանալու պատճառաբանությամբ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: Գլխավոր դատախազությունն այն ուղարկել էր ՀՔԾ:
Նախքան նիստը լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը, անդրադառնալով հարցին, որ փաստաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել, ասաց.
«Բոլոր դեպքերում, երբ իրավասու մարմինն իր պարտականությունները լրիվ չի կատարում, մի մեծ տակառ է ստեղծել և բոլոր գործերը գցում է այդ մեծ տակառի մեջ, մենք այստեղ իհարկե, գործը հետաձգելու, ձախողելու միտում ենք տեսնում։
Հիմա մենք մեր այս գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաև դատախազությանն ու ՀՔԾ-ին: Մենք չենք ասում՝ պարտադիր եղել է դավաճանություն: Մենք ասում ենք՝ այսպիսի կասկած ունենք, հարուցեք, ստուգեք: Իրենք հենց դավաճանության հոդվածով պետք է գործը հարուցեին»։
Հարցին՝ այս իշխանության օրոք արդյոք գործող դատախազությունը, ՀՔԾ-ն կարող են օբյեկտիվ քննություն իրականացնել, արդյոք կաշկանդված չեն լինի, նա պատասխանեց. «Կարող է այդ կառույցների ղեկավար կազմի մասով որոշակի կաշկանդվածություն լինել, բայց ես հույսս դրել եմ նրա վրա, որ այդ կառույցներում կան նաև հայրենասեր և բանիմաց մարդիկ: Հույս ունեմ, որ այդ մարդկանց շնորհիվ, եթե նյութերը բերեն նրան, որ իրոք դավաճանություն է տեղի ունեցել, հենց այդ կառույցները կարող են գործադիր իշխանության վերահսկողությունից դուրս գալ: Միգուցե հենց դա է վախը, որ չեն ուզում, որ այս գործը հարուցվի և ստուգում կատարվի այս մասով»:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանից ակնկալում ենք որոշում՝ պարտադրվի դատախազությանը գործել օրենքի շրջանակներում. Մինասյան
- ԵՊՀ իրավաբան դասախոսները ևս մտադիր են բողոքարկել դատախազի անգործությունը
- Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան
- Պետական դավաճանության մասին հաղորդումները դատախազությունը նետում է աղբարկղ. Մինասյան
- Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան