Դատարանից ակնկալում ենք որոշում՝ պարտադրվի դատախազությանը գործել օրենքի շրջանակներում. Մինասյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 26-ին։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ թեև ակնկալվում էր, որ այսպիսի քայլ կկատարվի, բայց այնքան ակնհայտ էին փաստերը, որ դատարանը կարող էր գնալ խորհրդակցական սենյակ և հրապարակեր որոշումը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: Գլխավոր դատախազությունն այն ուղարկել էր ՀՔԾ:
«Ամբողջ հարցն այն է, որ դատախազության կողմից բերված փաստարկները, ըստ էության, օրենքի վրա հղումներ էին, որովհետև դատախազը Քրեական դատավարության օրենքի 27-րդ հոդվածն էր վկայակոչում, որն ասում է, եթե նույն քրեական գործի շրջանակներում նույն անձի վերաբերյալ կա այլ հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն։ Փաստաբանները հստակ ներկայացրեցին, որ եթե խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի մասին, ապա դա կարող է այդ շրջանակում դիտարկվել։ Բայց նկատի առնելով, որ խոսում ենք քրեական հանցագործության հաղորդման մասին, շատ ավելի պարզ մեխանիզմ կա դրա համար. օրենսգիրքը նախատեսել է՝ հարուցել քրեական գործ, եթե կան նույնանման հատկանիշներ՝ գործերը միավորեք իրար։
Դատախազությունը փորձեց խուսափել այս ճանապարհից, բաց շատ ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելը ոչ միայն անհրաժեշտություն է, այլ օրենքի ուղիղ պահանջ»,- նշեց Ա. Մինասյանը։
Ըստ նրա, սա ունի չափազանց կարևոր նախադեպային նշանակություն, քանի որ բազմաթիվ հաղորդումներ կան քրեական գործեր հարուցելու ուղղությամբ կոնկրետ այս անձի և այն երևույթների առնչությամբ, որոնք հանգեցրել են Հայաստանի, Արցախի պարտությանը, և դրանում կա Քրեական օրենսգրքով դատապարտելի բազմաթիվ արարքներ։
«Ակնկալում ենք անպայման որոշում՝ պարտադրվի դատախազությանը գործել օրենքի շրջանակներում»,- ասաց Ա. Մինասյանը։
Նա համոզված է, որ այս պայքարը շարունավելու է իրավական օրինականության ճանապարհով այնքան ժամանակ, քանի դեռ դավաճանն ու նրան սատարող բոլոր անձինք չեն հայտնվել դատարանի առաջ, չեն կրել օրենքով նախատեսված պատասխանատվություն, որը մեր երկրի միակ փրկությունն է։
«Թե իրավական, թե քաղաքական, թե հանրային, թե քարոզչական ուղղություններով պայքարը շարունակվում է, որպեսզի մենք իսկապես ներկայացնենք Հայաստանի, մեր հայրենիքի, մեր ժողովորդի նկատմամբ կատարված ծանրագույն հանցագործությունը։ Հայաստանն ապագա չի ունենա, եթե այս հանցավոր համագործակցությունը, այս հանցավոր շղթան չբացահայտվի և մեղավորները չկանգնեն պատասխանատվության առաջ, քանի որ դա է միակ ճանապարհ, որպեսզի մենք հետագայում կառուցենք ավելի ուժեղ Հայաստան»,- ասաց Ա. Մինասյանը։
Ըստ նրա, բոլոր քայլերը միաժամանակ պետք է իրականացվեն, որպեսզի արդյունքը լինի հանրության ցանկացած ձևով։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան
- Պետական դավաճանության մասին հաղորդումները դատախազությունը նետում է աղբարկղ. Մինասյան
- Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը
- Փաստաբանները վիճարկում են դատախազության և ՀՔԾ անգործությունը
- Փաստաբանների պալատը ՀՀ դատախազությանը փոխանցեց Փաշինյանի դավաճանության վերաբերյալ հաղորդումը
- Փաստաբանները միանում են այսօրվա երթին, ապա հավաքին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը