Նիկոլն այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ. Հրանտ Բագրատյան
«Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ես անպայման մասնակցելու եմ»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Հարցին, թե արդյո՞ք միայնակ է մասնակցելու ընտրություններին, թե՞ «ՀՓՇ» մասնակից կուսակցությունների հետ, Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Տենանք։ Չէ, 16-ի հետ ո՞նց պիտի մասնակցենք»։
Նրա խոսքով, հենց դեմոկրատիան այն է, որ քաղաքական 6-7 ուժեր անցնեն խորհրդարան, յուրաքանչյուրը՝ 10-ական տոկոս ձայնով։
«Մենք ձեռ ենք առնում Իտալիային, որ 2 տարին մեկ կառավարությունը փոխվում է, բայց զատո զարգանում է, արա՛։ Կամ Ճապոնիան։ Պետք է ժողովուրդը հասկանա, որ էս 17 ուժերը բաժանվելու են 6-7 մասի, այդքան տեսակետ է լինելու պառլամենտում, ամեն ստից օրենք չի անցկացի։ Ասում է դավաճան բառի համար էսքան շտռաֆ։ Էն ախմախն էլ, ինչ տան, ստորագրում է, անունով էլ՝ նախագահ է»,- նշեց նա։
Հարցին, թե արդյո՞ք 17 ուժերը կմասնակցեն ընտրություներին, եթե դրանք անցկացվեն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, Հրանտ Բագրատյանը պատասխանեց՝ ոչ։
«Կկեղծի ընտրությունները։ Եթե մենք եկանք իշխանության, ինքը դատվելու է։ Ինքը պատրաստվում է «Լինչի դատաստանին»։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլը գնա։ Բոլորն են իրեն դեմ, իր հենարանը գնում է իր տակից։ Նիկոլն այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ»,- ասաց նա։