Եթերազրկված «Հ2»-ի անձնակազմը նամակ հանձնեց ԵՄ ներկայացուցչությանը
Եթերազրկված Հանրային երկրորդ հեռուստաալիքի՝ «Հ2» անձնակազմն այսօր Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ ակցիա էր իրականացնում։
«Հ2» հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. որ նամակներ են պատրաստել, որոնք պետք է հանձնեն Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակին։
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։
Շավարշ Գևորգյանը ներկայացրեց իրենց կազմած նամակի բովանդակությունը։
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ, 2021 թվականի հունվարի 15-ին կայացրել է որոշում, ըստ որի՝ «Հ2»-ը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հատկանշական է, որ գործող հեռուստալիքներից միայն «Հ2»-ն է, որ այս որոշման արդյունքում կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր իրավունքը։ Վերջին տարիներին մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելու բազմաթիվ հետևողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումը ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ։
Ավելի քան 20 տարի «Հ2»-ը հեռարձակվել է ՀՀ ողջ տարածքով, այն եղել և շարունակում է մնալ ազատ և անաչառ լրատվամիջոց, և այն փակելու քայլը հարված է խոսքի և մամուլի ազատությանը։ «Հ2»-ը օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որ վերականգնվի ՀՀ քաղաքացիների՝ ազատ և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ նախկինում ԶԼՄ-ների դեմ արված գործողությունները քննադատում էին տարբեր իրավաբանական կազմակերպություններ, ՀԿ-ներ, սակայն այս դեպքում նման բան կարծես չեղավ, ի՞նչը կարող է դրա պատճառը լինել, Շավարշ Գևորգյանը դժվարացավ պատասխանել։
«Ի դեպ, մենք այդ կազմակերպություններին էլ ենք ուղղելու նմանատիպ նամակներ։ Լավ կլինի, որ հենց իրենք պատասխանեն հարցին, թե ինչու այս իրադարձության հետ կապված որոշակի գնահատականներ և վերաբերմունք չեն արտահայտում»,- նշեց նա։
Լրագրողների հետ զրույցից հետո «Հ2»-ի աշխատակիցներն իրենց նամակը հանձնեցին ԵՄ ներկայացուցչությանը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձագետ. Կորոնավիրուսի «բրիտանական շտամը» երեխաների մոտ վտանգավոր հիվանդություն է առաջացնում
- Հայկական երկրորդ հեռուստաալիք. Պայքարելու ենք վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար