«Ֆրանսիայից եկել եմ, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցեմ»
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում է քաղաքացիների հետ։
Վերջիններիս հարցին, թե ինչ է սպասվում փետրվարի 20-ին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ մեծ հանրահավաք, ապա կատակելով հավելեց. «Մնացածը չգիտեմ, ինձ էլ չեն ասել»։
Քաղաքացիներն էլ կարծիք հայտնեցին, որ արդեն ժամանակն է կտրուկ քայլեր իրականացնելու։
Արձագանքելով՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Գիտեք ինչ, մենք կտրուկ անվանում ենք այն քայլերը, որոնք շատ բնական են այս իրավիճակում»։
Վարչապետի միասնական թեկնածուն նշեց, որ մինչ այդ չէր տեսել, բայց երեկ տեսել է, որ Էկոնոմիկայի նախարարության դիմաց մի 80-անց մարդու ոստիկանները բռնել ու տարել են։
Քաղաքացիներն էլ մտավախություն հայտնեցին, որ փետրվարի 20-ին էլ խաղաղ ցուցարարներին ոստիկանները բերման կենթարկեն։
Ի պատասխան Վազգեն Մանուկյանն ասաց՝ չէ, 20-ին չի լինի։
«Այդ օրն այնքան մեծ հանրահավաք կլինի, որ ոստիկանական ուժերը չեն հերիքի՝ այդպիսի բաներ անելու համար»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ հավանականություն կա, որ հանրահավաքը մեծ է լինելու, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սարսափելի խայտառակ պարտություն պատերազմում։ Ոմանք ինձ ասում են՝ խեղճ Նիկոլն ինչ աներ, մեկ է պատերազմը լինելու էր, մեկ է՝ պարտվելու էինք։ Լավ, բա ամսի 10-ից հետո ինչո՞ւ նոր փաստաթուղթ ստորագրվեց, ինչո՞ւ Կուբաթլուն, Զանգելանը թողեց, պրոբլեմ առաջացրեց Սյունիքում։ Պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, ու մոռացեք, որ դավաճանություն է արել, ի՞նչ է լինելու Հայաստանում։ Մի ղեկավար, որը ման է գալիս բրոնե ժիլետով, մեքենաներով ու ոստիկաններով շրջապատված»։
Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ փետրվարի 20-ին ինքը կառաջարկի Ազատության հրապարակը շտաբ դարձնել, որտեղ մարդիկ կգրանցվեն, առաջադրանք կստանան։
Սփյուռքահայ քաղաքացիներից մեկը, դիմելով Վազգեն Մանուկյանին, ասաց, որ 2 հարց ունի, որոնք բարձրաձայնելու համար եկել է Ազատության հրապարակ։
«Մենք տվել ենք 5, 6, 7 հազար զոհ, սերունդ ենք կորցրել ու հող ենք ծախել։ Արդյո՞ք մենք արժանի ենք իշխանություն ունենալու այս պայմաններում, երբ ժողովրդի 80 տոկոսը չի մասնակցում հանրահավաքներին։ Եվ արդյո՞ք մենք արժանի ենք ազատ, անկախ հայրենիք վայելելու»,- հարց հնչեցրեց նա։
Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երկու հարցերի պատասխանն էլ «այո» է։
«Մենք արժանի ենք իշխանություն ունենալու, բայց իշխանությունն արժանի չէ այսպիսի ժողովուրդ ունենալու։ 1988-ի շարժմանն էլ հրապարակ էր գալիս 30-40 հազար հոգի. ավել մարդ չէր գալիս։ Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին հեղափոխության նման բան էր անում, քանի՞ մարդ էր գալիս՝ մի քանի տասնյակ հազար։ Երբեք մի սպասեք, որ ամբողջ ժողովուրդը կմիանա շրժմանը»,- նշեց նա։
Քաղաքացին էլ ասաց, որ հույսը չի կտրել, Ֆրանսիայից եկել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին մասնակցի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան