Քրեական գործը բաղդատվում է ու դրանով իսկ սկսում հանցագործության կոծկման պրոցեսը. Արթուր Ղազինյան
Դեռևս դեկտեմբերի 22-ին մի խումբ փաստաբաններ հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին պետական դավաճանության հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Գլխավոր դատախազությունն այն ուղարկել էր ՀՔԾ:
«Եթե քրեական գործ հարուցելու հիմքը, առիթը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրգործ հարուցելու մասին որոշում կայացնել: ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության:
Մինչդեռ իրենք գրությամբ են պատասխանել՝ նշելով, որ ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրգործի նյութերին և քննելու են այդ գործի շրջանակներում, մինչդեռ Քրեական դատավարության օրենքսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում։
Մենք իրենց անգործությունը վիճարկել ենք դատարանում և դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն՝ պետք է պարտավորեցվի ՀՔԾ-ին, որպեսզի իրենք պատշաճ որոշում կայացնեն: Եթե մեր ներկայացրած փաստերը չեն վկայում առերևույթ դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի»,- մանրամասնեց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը։
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը լրագրողներին ասաց, որ դատախազության աշխատանքին այս առումով պետք է տրվի իրավական գնահատական, միգուցե ավելի հավանական է քրեաիրավական գնահատական, քանի որ դատախազությունն ակնհայտ չարաշահել է իր լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքներ, առայժմ անզգուշությամբ։
«Եթե ապացուցվի, որ դա տեղի է ունեցել քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, մասնավորապես եղել է համաձայնեցված երկրի բարձրագույն քաղաքական իշխանության հետ, որ դատախազությունը զեկուցել է այս բոլոր հաղորդումները պետության ղեկավարին և ստացել անմիջական քաղաքական հրահանգ մերժել քրեական գործի հարուցումը, ապա այստեղ գործ կունենանք պետական դավաճանության հանցակցության հետ։ Ակնհայտ է, որ դատախազությունը պարտավոր էր հարուցել քրեական գործ, քրգործի հարուցումը մերժել և ըստ քննչական ենթակայության ուղարկել։
Մինչդեռ իրենք Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցել են քրեական գործ, որը վերաբերվում է մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստին, և պատերազմի ու առհասարակ արցախյան հակամարտության, պետական դավաճանության հետ կապված բոլոր հաղորդումներն ուղարկվում են կցվելու այդ քրեական գործին։ Հանցագործության մասին մեր ներկայացրած հաղորդումների՝ հիմնական մասով առնչությունը քիչ է արդեն իսկ հարուցված քրեական գործին»,- ասաց նա։
Ա. Ղազինյանի խոսքով, դատախազությունը որոշել է բաղդատել այս քրեական գործի քննությունը՝ մի մասը քննվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, մի մասը քննվում է ՀՔԾ վարույթում, որոշ դրվագներ առկա են նաև Քննչական կոմիտեում։
«Այսինքն, բաղդատվում է ու դրանով իսկ սկսում արդեն հանցագործության կոծկման պրոցեսը»,- ասաց Արթուր Ղազինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը քննում է ՀՀ դատախազության և ՀՔԾ անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքը
- Փաստաբանները վիճարկում են դատախազության և ՀՔԾ անգործությունը
- Փաստաբանները միանում են անվանի իրավաբան գիտնականների՝ Գլխավոր դատախազին ներկայացված պահանջներին
- Դատախազը փաստաբանների հետ հանդիպմանը հաստատել է` հիմնավոր կասկածի դեպքում Փաշինյանը կձերբակալվի
- Ավելի քան 150 փաստաբաններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան