Սյունիքում արդեն մեծ տրամաչափի զենքերով են կրակոցներ լինում. Մանախ
«Այսօր Սյունիքում արդեն մեծ տրամաչափի զենքերով են կրակոցներ լինում, և այդ ձևով փորձում են մեր ժողովրդի «վախը բռնել»»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ հայտնի «Մանախը»։
Նրա խոսքով, Սյունիքից հետո թշնամու թիրախում են լինելու Տավուշն ու Արարատը։
«Ես ուսումնասիրում եմ, տիրապետում եմ օպերատիվ իրավիճակին։ Մենք գոյապահպանման խնդիր ունենք արդեն։ Երեք ամիս է՝ գոռում եմ Սյունիքի մասին, իշխանությունները մատը մատին չեն տվել, իսկ այսօր արդեն թշնամին այնքան է լկտիացել, որ կրակում է, ոչխար է գողանում, էդ ոչխարներին էլ ռուսներն են հետ բերում։ Այսինքն՝ այսօր արդեն մեր հողի վրա էլ մեր գյուղացին պաշտպանված չէ»,- ասաց նա։
Ըստ «Մանախի», սյունեցուն թուրքը չի վախեցնում, նրան պետության աջակցության չգոյությունն է անորոշության մեջ գցում. սյունեցին երբեք այսքան անորոշ վիճակում, այսքան ընկճված չի եղել։
«Ու սա պատահական չէ, տեսեք՝ քանի օր է արդեն, որ նժդեհյան հակաքարոզչություն է գնում։ Մենք անցնում ենք նժդեհյան հակաքարոզչության, մինչդեռ պետք է հակառակը լիներ, հայապահպանման համար պետք է Նժդեհի գաղափարախոսությունն առաջ բերվեր։ Բայց մենք այսպես չենք թողի, կբարձրանանք լեռները, կպայքարենք...։ Տեսեք, հիմա էլ Սյունիքի մասին ցանկացած լուր տալու համար պարտադրում են ԱԱԾ-ից թույլտվոթյուն ստանալ, բայց դա ուղղակի նախադեպ է լինելու, վաղը նույնը կրկնվելու է Տավուշում։ Ու արդեն հերթով ոչ մի տեղից ինֆորմացիա չենք կարողանալու ստանալ»,- կարծիք հայտնեց ազատամարտիկը։
Արթուր Այվազյանը ևս մեկ անգամ նշեց, որ այն, ինչ այսօր Սյունիքում է կատարվում, վաղը լինելու է Տավուշում։
«Մեր հաշվարկով Տավուշում առնվազն 4 գյուղ կա, որ բանավոր պայմանավորվածությամբ տրվելու է։ Մեծ խնդիր է լինելու, բայց տավուշցին զենքը վայր չի դնելու։ Բայց տեսեք, Սյունիքի նախադեպով այնպես են անելու, որ Տավուշից ինֆորմացիա չգա»,- ասաց նա։
Նրա խոսքով, անգամ ԱՀ նախագահն էր իր ուղիղ եթերներից մեկում ասել, որ հատուկ ստորաբաժանումները հրաժարվել են խնդիր կատարել, բայց Հայաստանից դրան որևէ արձագանք չի տրվել։
«Բայց դե պաշտպանյալը (Նիկոլ Փաշինյան, խմբ.) ԱԺ ամբիոնից խոսում է հազարավոր հարուցած քրեական գործերի մասին։ Հրաձգային դիվիզիոնի հրամանատարին ինչ-որ մեղադրանք են առաջադրել՝ 72 հոգու չդիմավորելու համար։ Բայց ամենակարևոր հարցերը արձագանք չեն գտնում»,- նշեց Արթուր Այվազյանը։