Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը
Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրիի և նրա անդամակցած Նիդերլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հաքերների հարձակմանը։ Արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել։
Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Քեթի Փիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք հաքերները։ ԵԽ պատգամավորը իրեն և իր կուսակցությանը պատկանող կայքերի դեմ իրականացված հարձակումը որակել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Փիրիի համոզմամբ՝ հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ շաբաթ ինքը հանդես է եկել Բողազիչի համալսարանի ուսանողներին, ինչպես նաև՝ երկար ժամանակ ազատազրկված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDPժ-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դիմիրթաշին և բիզնեսմեն Օսման Քավալային աջակցելու կոչով։ Նա թվիթերյան գրառմամբ պահանջել էր ազատ արձակել վերջիններիս և պնդել, որ շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար։
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիսվել էր Քեթի Փիրիի գրառմամբ ու գրել․ «Դու ծերանալու ես քո կեղտոտ պահանջների հետ միասին։ Բայց այդ վատ ցանկություններդ Թուրքիայում երբեք չեն իրականանալու»։
Մյուս կողմից, թուրքական «Anka Neferler Tim» հաքերային խումբը սոցցանցերում կատարած գրառմամբ հաստատել է, որ հարձակումն իրենք են կատարել․ «Հոլանդացի քաղաքական գործիչ Քեթի Փիրիի և նրա կուսակցության՝ Աշխատավորական կուսակցության կայքերի հասանելիությունը արգելափակել ենք։ Ճանաչեք Ձեր չափը», - ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԵԽ հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին հայտնի է Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ իր խիստ քննադատական զեկույցներով, ինչի համար նախկինում էլ ենթարկվել է թուրք հաքերների հարձակումներին։