Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարն առաջին անգամ կժամանի Հայաստան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանությունը։
Իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։
Նախարարը նաև կողջունի Միացյալ Թագավորության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև նոր համագործակցությունը, որի միջոցով խթանվում է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) և հակամարտության հետևանքով տուժած խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական կայունությունը։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուղիներ գտնել այդ համայնքներում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Այցին ընդառաջ՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընն ասել է. «Միացյալ Թագավորությունը հանձնառու է Հայաստանի հետ տևական բարեկամությանը: Ես անհամբերությամբ սպասում եմ Արտաքին գործերի նախարար Այվազյանի և Նախագահ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ քննարկելու մեր երկրների միջև ավելի սերտ կապեր ստեղծելու և գլոբալ մարտահրավերների, ներառյալ՝ կլիմայի փոփոխության և COVID-19-ի դեմ պայքարի ուղղությամբ միասին աշխատելու բազմաթիվ հնարավորությունները:
Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել COVID-19-ի և հակամարտության հետևանքներից Հայաստանի «կանաչ» վերականգնմանը։ Մենք ողջունում ենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած հավակնոտ պարտավորությունները և ակնկալում օգնել Հայաստանին իրացնել իր ներուժը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) ընդառաջ»:
Նախարար Մորթընը հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: