Սթոլթենբերգ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը կախված է երկրում բռնության մակարդակից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նախօրեին ասել է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժումը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ ԱՄՆ-ի հետ 2020 թվականի խաղաղության համաձայնագրի կետերը կատարելու համար, որպեսզի օտարերկրյա զորքերի դուրսբերումը սկսվի մինչև վերջնաժամկետը:
Այս շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն` արդյոք «Թալիբան»-ը հարգում է խաղաղության համաձայնագիրը, որը զինյալներին անվտանգության երաշխիքներ է տրամադրում՝ մինչև մայիսի 1-ը օտարերկրյա զորքերը դուրս բերելու դիմաց: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մենք տեսնում ենք, որ« Թալիբան»-ը դեռևս պետք է ավելի շատ ջանքեր գործադրի պարտավորությունները կատարելու նպատակով՝ վստահ լինելու համար, որ նրանք խզել են բոլոր կապերը միջազգային ահաբեկիչների հետ», - ասել է Սթոլթենբերգը:
Աֆղանստանում հարձակումները, ներառյալ դեկտեմբերյան ահաբեկչական ակտերը, որոնց արդյունքում սպանվեց Քաբուլի նահանգի փոխնահանգապետը, ԱՄՆ Կոնգրեսի և միջազգային իրավապաշտպան խմբերի անդամներին դրդեցին պահանջել հետաձգել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնեցրած զորքերի դուրսբերումը:
Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է 9,600 ՆԱՏՕ-ի ուժերի զինվորական, այդ թվում 2500 ամերիկացի զինծառայողներ, ովքեր օգնում են Աֆղանստանի անվտանգության ուժերին՝ նրանց փոխանցելով իրենց փորձառությունը:
Շատերն ունեն մտավախություն, որ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում արտաքին միջամտության երկու տասնամյակում գրանցված առաջընթացը արագորեն կվերանա՝ վտանգելով շատ ոլորտների ձեռքբերումները՝ կանանց իրավունքներից մինչև ժողովրդավարություն: Ամերիկացի օրենսդիրները նախազգուշացրել են, որ բոլոր ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Պաշտպանության նախարարների առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա առցանց չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ի սկզբանե հրավիրվել էր՝ որոշելու համար զորքերի դուրսբերման նպատակահարմարությունը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորում են վեց ամսով հետաձգել դուրսբերոււմը:
Հունվարի 31-ին ՆԱՏՕ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ Reuters-ին հայտնել էին, որ միջազգային զորքերը կմնան երկրում նշված ժամկետից հետո՝ չնայած« Թալիբան» շարժման ամբողջական դուրսբերման կոչերին:
«Մեր ընդհանուր նպատակը պարզ է. Աֆղանստանը այլևս երբեք չպետք է դառնա ապաստան այն ահաբեկիչների համար, որոնք հարձակվում են մեր երկրների վրա: Չնայած դաշինքի անդամներից ոչ ոք չի ցանկանում մնալ Աֆղանստանում ավելի երկար, քան անհրաժեշտ է, մենք չենք հեռանա՝ մինչև պահը չհասունանա», - ասել է Սթոլթենբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան