Բացակայում են պատերազմի հետևանքների փաստահավաք համակարգված աշխատանքները. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորում է պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք համակարգված աշխատանքները:
Ըստ նրա, այդ աշխատանքները բացակայում են:
«Կարևոր հատված է: Ապագայի համար պետք է եղած փաստերը ճիշտ հավաքագրել, որպեսզի կարողանանք մեր պահանջատիրությունը ներկայացնենք: Այս մասով բոլոր տեղերում ցրված աշխատանքներ են կատարվում»,- ասուլիսում ասաց Արա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ Հայաստանի, Արցախի ՄԻՊ գրասենյակները իրականացրել են փաստահավաք առաքելություն, նաև պատերազմի ժամանակ Փաստաբանների պալատը նույնպես Արցախում փաստահավաք առաքելություն է իրականացրել, մոտ 53 օբյեկտի վերաբերյալ արդեն հավաքել են փաստեր:
Ա. Զոհրաբյանը նշեց, որ ապագայում, երբ միջազգային ատյաններում պահանջներ ներկայացնեն, միայն բանավոր հայտարարությունները բավարար չեն, պետք են որոշակի ապացույցներ:
«Պետք է հաղթահարել ապացուցողական շեմը, այդ շեմին համահունչ որոշակի տեղեկություններ հավաքել»,- ընգծեց նա:
Ա. Զոհրաբյանը հայտնեց, որ հիմա իրենց որոշ գործընկերների հետ ներգրավել են մի գործընթացի մեջ, որպեսզի փաստահավաք առաքելություն իրականացնեն, այդ թվում անձանց կորուստների, գերեվարված լինելու հանգամանքների վերաբերյալ, հիմա սկսել են բացատրություններ հավաքել նաև պատերազմից կոնկրետ տուժած անձանցից:
«Ինչու եմ կարևորում այս փաստահավաք աշխատանքների համակարգվածություն: Պատկերացնում եք 1915 թվականի դեպքերի հետ կապված ունենայինք մի շատ լուրջ միասնական բազա: Օրինակ, հրեաները հենց այդպես էլ արեցին, բազան ճիշտ հավաքագրեցին, ճիշտ մատուցեցին աշխարհին, բնականաբար, ամեն տեղ էլ ճանաչվեցին: Մենք չկարողացանք դա անել: Ժամանակն է այս մասով ճիշտ կողմնորոշվենք ու գնանք առաջ»,- ասաց նա:
Ա. Զոհրաբյանը նշեց, որ այժմ այս ասուլիսի միջոցով առաջարկում են կառավարությանը փաստահավաք համակարգված աշխատանքներ կատարել: