Ջախջախված Արցախի դեպքում սուբյեկտայնությունն ենք հիմա էլ ոտատակ տալիս, որ ի՞նչ խնդիրներ լուծենք. Բեքարյան
Արցախի նախագահի հանդիպումն Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ խնդրահարույց է ոչ միայն օրակարգի, այլև ձևաչափի տեսանկյունից: «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նման կարծիք է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Արցախի նախագահը հանդիպում է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ, և նրա կողքին չկա որևէ դիվանագետ: Այսինքն՝ սա որևէ կերպ կապ չունի՞ Արցախի արտաքին շփումների հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ԱԱԾ ղեկավարը, Արցախի ԱԱԾ-ից ներկայացուցիչ չկա՞ր: Հայտնի չէ, թե Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն ինչ պաշտոն է զբաղեցնում, հիերախիայի ներքո ո՞վ է ադրբեջանական պետության մեջ», - նշել է Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով, որ սրանք պատահական հարցեր չեն, և յուրաքանչյուրի ներքո կա մարտահրավերների փունջ:
Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել նաև պաշտոնական հաղորդագրությունում հանդիպման վայրի վերաբերյալ նշումի վրա:
«Լեռնային Ղարաբաղում չէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չէ, Ստեփանակերտում չէ, նշված բնակավայրում չէ, այլ ուղղակիորեն ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա վերլուծաբանն այստեղ ուշադրություն է հրավիրել 90-ականների պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց հարցն օրակարգ բերելու վրա:
«Մենք ավարտե՞լ ենք բոլոր այն տաք հետքով խնդիրները, որոնք առկա են՝ վերջին պատերազմի հետ կապված: Մենք արդեն վերադարձրե՞լ ենք մեր ռազմագերիներին և պահվող անձանց: Մենք արդեն ունե՞նք պատկերը՝ անհետ կորած անձանց հետ կապված: Եվ այս ամենն ունենալով՝ մենք, բացի ենթակառուցվածքներից, տրանսպորտային ուղիներից, արդեն անդրադառնում ենք 90-ականների՞ն»,- նշել է նա:
Կարեն Բեքարյանը չի բացառել, որ այս թեմայով հանրությունից գաղտնի բանակցություններ են տեղի ունենում ադրբեջանական կողմի հետ: «Հանդիպման օրը Շուշիի շրջակայքում ադրբեջանցիներին է վերադարձվել 90-ականների պատերազմից մնացած 7 աճյուն: Այսինքն՝ այս ամենի հետ կապված՝ կան բանակցություններ», - նշել է նա:
Վերլուծաբանը խնդրահարույց է համարում նաև ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հանդիպումը որպես քննչական գործողությունների շրջանակներում տեղի ունեցած միջոցառում ներկայացնելը, ինչը հայկական կողմերից պաշտոնական հերքում չի ստացել:
«Փաշինյանի այս նոր սեփական կետով մենք ի՞նչ նախադեպ ենք ստեղծում: Ջախջախված, արնաքամ Արցախի դեպքում սուբյեկտայնությունն ենք հիմա էլ ոտատակ տալիս, որ ի՞նչ խնդիրներ լուծենք», - նշել է նա:
Կարեն Բեքարյանն անդրադարձել է նաև բանակցային գործընթացում մինչև Փաշինյանի սեփական կետը եղած վիճակին, որի վերաբերյալ բավականին հետաքրքիր հայտարարություն էր արել Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով՝ նախատեսվում էր, որ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի վերահսկողության տակ:
«Ալիևն այստեղ իր մտքի մեջ հանգրվան է բաց թողնում: Ըստ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակների, ինչն էլ ժառանգություն էր ստացել Փաշինյանը՝ Լաչինի և Քելբաջարի շրջաններն այնքան ուղիղ, կոշտ կապով էին կախված Ղարաբաղի կարգավիճակի և նրա ճանաչման հետ, որ Ալիևը հասկանում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չճանաչելու դեպքում, այդ շրջանների հետ կապված, չէր կարող որևէ հույս ունենալ»,- «Թերթ.ամ»-ի փոխանցմամբ, «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է՝ այլ համաձայնություն էլ կա, որից հանրությունը տեղյակ չէ. Կարեն Բեքարյան
- Այդ խայտառակ փաստաթուղթը որևէ կերպ չի պարունակում հիմք այն ամենի համար, ինչ հիմա կատարվում է Սյունիքում. Բեքարյան
- Փաշինյանը պատասխանատվության սլաքներն ուղղում է ում ասես՝ չխորշելով սեփական երկիրը ոտնատակ տալուց. Բեքարյան
- Բեքարյանը դիմել է վարչապետի աշխատակազմի, ԱԳՆ-ի և Անվտանգության խորհրդի աշխատակիցներին
- Բեքարյան. Արդյո՞ք ապագայի այդ երիտասարդն ունենալու է որևէ ցանկություն՝ իրեն այս ժողովրդի զավակը համարելու