Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ-ն պարտավոր էր դիմել ԵՏՀ-ին. Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է հրապարակել, որում, անդրադարձել է ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցին և ՏՄՊՊՀ-ի արձագանքին։
«Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիտատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։
ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հերթական անգամ գործ ունենք լիազոր մարմնի անգործության հետ։ Նախ, Հանձնաժողովը պարտավոր էր ամբողջական ուսումնասիրել ավիատոմսերի շուկան՝ հաշվի առնելով, որ այս շուկայում գործում են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ավիափոխադրողներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգային փոխադրողների ստեղծման և կայացման վրա։
ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ չի կարող վերահսկել ռուսական ավիաընկերությունների գործունեությունը։ Այն դեպքում, երբ մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում այդ ավիաընկերությունների նկատմամբ ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու համար։ Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Չդիմելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ նախկինում դիմել են ու արդյունք չեն ունեցել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և ունի բոլոր մեխանիզմները ռուսական ավիաընկերությունների չհիմնավորված գների բարձրացման դեմ բողոք ներկայացնելու համար՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ դատարան դիմելու։
ՏՄՊՊՀ-ն չհիմնավորված պնդում է, որ օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։ Տպավորություն է ստեղծվում ՏՄՊՊՀ-ն կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում այդ համակարգերը (օրինակ՝ Amadeus Air), կամ, պարզապես գործը «ցրում է» իր վրայից։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ցանկացած ավտոմատացված ծրագիր գործում է մարդու՝ այս դեպքում ավիաընկերության կողմից տրված պարամետրերի հիման վրա, և ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել դրանք։
Իսկ ինչ վերաբերվում է ավիաընկերությունների կողմից սահմանվող ավիատոմսերի ենթադասերի (Class) սակագներին, ապա դրանց հարաբերակցությունը ևս ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ վերանայել։ Դարձյալ բավարար հիմնավորված չէ այն պնդումը, որ էժան տոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի արդյունքում է ավիատոմսերի գների բարձրացումը։ Խիստ կասկածելի է, որ այս կարճ ժամանակահատվածում Հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել նախկինում և ներկայում Երևան-Մոսկվա թռնող A320 բոլորի ինքնաթիռի 140 նստատեղերի ենթադասերի հարաբերակցությունը փոփոխվել է, թե ոչ։ Իսկ ինքնաթիռի բիզնես կլասսի տեղերը չէին կարող փետրվարին, օրինակ՝ կրկնակի ավելանալ։
Ամփոփելով՝ ընդգծեմ, որ ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործիքները ավիատոմսերի շուկայում մրցակցային խնդիրները բացահայտելու, վերահսկելու և պատժելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները մեծ հարված են հասցրել հայկական ավիաընկերություններին՝ կտրուկ իջեցնելով, իսկ որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավել բարձրացրելով ավիատոմսերի արժեքները՝ արդյունքում սնանկացնելով հայկական ընկերություններին։ Իսկ ոլորտի պատասխանատուները, փոխարենը լուծելու այս խնդիրները, կանաչ լույս են վառել էժան ավիատոմսով շուկա «ներխուժող» լոուքոստերների կամ խոշոր խաղացողների համար՝ հետին պլան մղելով հզոր ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին