«Ժողովուրդ». Օրենքում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանը փետրվարի 11-ին չընդունեց ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, սակայն օրենքի խախտումները չեն դադարում:
Նախ՝ նշենք՝ պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը: Առավել ուշագրավ է, որ Հայաստանում պայքար է տարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, բայց գլխավոր օրենքի շեղմամբ: Բանն այն է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:
Սակայն օրենքի այս դրույթը հեղափոխական իշխանությունը խախտել է և փակել հանրապետական կենտրոնը՝ այն փաստացի տարրալուծելով «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի մեջ: Այսինքն՝ օրենքում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է: Կառավարությունը, նաև խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին որոշել են կենտրոնը լուծարել, սակայն դրա իրավունքն օրենքով վերապահված չէ:
Ընդգծենք, որ արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը և պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումար: Եվ մեծ հավանականությամբ կհաղթի, քանի որ ապօրինությունն ակնհայտ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: