«Հրապարակ». Արմեն Սարգսյանը ճամփորդում է մասնավոր ինքնաթիռով
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երևան: «Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում»: Արմեն Սարգսյանը, բուժմանը զուգահեռ, անցել է նաև իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը, այսինքն՝ արդեն հաճախում է աշխատանքի և որոշ հրամանագրեր է ստորագրել։
Տարածված լուսանկարում նկատեցինք, որ նախագահը Հայաստան է ժամանել կապույտ գծանշումներով անծանոթ օդանավով, որի վրա որևէ ավիաընկերության տարբերանշան չկա։ Օդանավը կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի «նախագահական» մուտքի մոտ, թիկունքում էլ երևում է թիվ մեկ բորտը։
Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչ օդանավով է Արմեն Սարգսյանը ժամանել Հայաստան, ինչին ի պատասխան՝ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանն ասաց. «Հանրապետության նախագահի անցած տարեվերջին արտերկիր մեկնելու և օրեր առաջ բուժումից վերադառնալու ճամփորդական և մյուս բոլոր ծախսերը կատարվել են ոչ պետական՝ անձնական միջոցների հաշվին: Նախագահը Երևան ժամանել է մասնավոր ինքնաթիռով, որքանով տեղյակ եմ՝ այն պատկանում է իր մտերիմ ընկերներից մեկին»: Ենթադրաբար, օդանավը բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին է պատկանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: