Ռուսերենը՝ պաշտոնական լեզու Արցախում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ռուսերենը դառնում է պաշտոնական լեզու։
Նախագծում նշվում է․ ««Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը» (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է` փոխարեն)։
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «հայոց լեզվի» բառերից հետո ավելացնել «(կամ ռուսաց լեզվի)» բառերը (Պաշտոնական խոսքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի (կամ ռուսաց լեզվի) անաղարտությունը):
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում.
1-ին կետում «հայերենով» բառը փոխարինել «հայերենով, ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով» բառերը, իսկ «հայոց» բառը փոխարինել «տվյալ» բառով (գործավարությունը կատարել գրական հայերենով՝ հայերենով, ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով՝ ապահովելով հայոց տվյալ լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները):
2-րդ կետում «ոչ հայերեն» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ռուսերենի)» բառերը (համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն (բացառությամբ ռուսերենի) ելույթների հայերեն թարգմանությունը)
Նախագծում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»։
«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,-ասվում է Արցախի Ազգային ժողովի կայքում հրապարակված օրենքի նախագծում։
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան