Հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի մեդալը դեռ ծնողներին չեն հանձնել
Արցախի պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրում է.
«Սիրելի՛ հայ ժողովուրդ, հերոսածին ծնողներ,
այս ամիսներին ես հաճախ եմ կիսվել ձեզ հետ իմ մտորումներով, մտահոգություններով, որդուս՝ Ալբերտի մասին հիշողություններով, քանի որ գիտակցել և գիտակցում եմ, որ Ալբերտը սեպտեմբերի 29-ից (Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու օրը) հետո այլևս միայն իմ որդին չէ, նա հայ ժողովրդի զավակն է, Հայրենիքի նվիրյալը, խոնարհ հերոսը:
Դեռ պատերազմի օրերին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հոկտեմբերի 8-ի հրամանով՝ Ալբերտը հետմահու պարգևատրեց «Արիության համար» մեդալով: Նախագահը խոստացավ այն հանձնել պատերազմից հետո: Մեդալներ պիտի հանձնվեին ինձ նման բազմաթիվ ծնողների: Մեդալ, որը երբևէ չի վերադարձնի մեր հերոս զավակների երիտասարդ կյանքը, որը չի կարող սփոփել անսփոփելի վիշտը, չի կարող չորացնել մեր արցունքները, չի կարող փոխել արդեն իսկ տեղի ունեցածը: Բայց հերոսների մասին շարունակ խոսելը, հիշելը, նրանց չմոռանալը, մեդալներն ու պարգևատրումները բացառապես ապրողներին են պետք, որ արժևորեն ընկածներին ու նրանց անմահ սխրանքը:
Ամիսներ են անցել, բայց առայժմ որևէ պարգևատրում չի եղել, մեդալներ չեն հանձնվել որդեկորույս շատ ծնողների, այդ թվում և ինձ: Այդ մասին ինձ բազմաթիվ լրատվամիջոցներից են դիմել, բազմաթիվ լրագրողներ են զանգել ու գրել, թե ստացել եք Ալբերտի հետմահու շնորհված մեդալը: Իմ բացասական արձագանքին ի պատասխան՝ ինձ ասել են, թե ինչու չեմ ճշտում, հասկանամ, ինչ է պատահել իրականում:
Ես, այդ առնչությամբ չտիրապետելով որևէ ինֆորմացիայի, չեմ խոսել, իսկ հիմա կարող եմ հստակ ասել, որ օրեր առաջ ինձ է դիմել ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և տեղեկացրել, որ բազմաթիվ պարգևատրումներ են եղել այս շրջանում և թողարկված մեդալները վերջացել են, սպասում են նոր խմբաքանբակի: Նա հորդորել է համբերատար սպասել: Այսքանը, խնդրում եմ այս հարցով այլևս ինձ չդիմել, ասածս էլ՝ չքաղաքականացնել:
Հ.Գ. Ինձ և որդեկորույս մյուս ծնողներին պետք էին և պետք են միայն իրենց զավակները, որոնցից ամեն մեկը մի ընտանիքի լույսն ու ճրագն էր, ընտանիքը շարունակողը, բայց նրանք հիմա ննջում են Եռաբլուրում, մեր փոքրացած Հայրենիքի տարբեր պանթեոններում: Ես գիտեմ, որ այդ կոչումներն ու պարգևները ոչինչ են՝ հայ ժողովրդի տված անսահման սիրո, խոնարհումի դիմաց:
Մեր հերոսներն անմահ են, փա՛ռք ձեզ, տղանե՛ր և հավերժ խոնարհում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան