ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին․ Ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում
Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունների և վերջինիս շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային հարցերի հասցեագրման շուրջ:
«Այս առնչությամբ նախարար Այվազյանը նշեց, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:
Այս համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին հումանիտար հարցերի հասցեագրման շուրջ, որոնք ամրագրված են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին