Հայաստանի ու ՌԴ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Արցախի շուրջ համաձայնագրերի կատարման ընթացքը
Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ այսօր բանակցություններ կանցկացնի՝ ՀՀ ԱԳ նախարարի Մոսկվա կարճատև աշխատանքային այցի շրջանակներում, գրում է Tass-ը։
Նախատեսվում է, որ նախարարների ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործումը` շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրման, ենթակառուցվածքների վերակառուցման և Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա:
Կողմերը քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքների պլանները:
Լավրովը և Այվազյանը կքննարկեն նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի այլ հարցեր: Զրույցը կընթանա մամուլի համար փակ ձևաչափով:
Երկու երկրների արտգործնախարարները մշտական կապ են պահպանում հեռախոսով: Տարեսկզբից Լավրովն ու Այվազյանը չորս անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Նշվում է, որ արտաքին գործերի նախարարության շփումներին զուգահեռ, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահող խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային և տնտեսական հարցերի կարգավորմամբ: Այն ստեղծվել է երկրների ղեկավարների հունվարի 11-ին կայացած բանակցություններից հետո և մինչ այժմ անցկացրել է երկու հանդիպում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Այվազյանը, տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսումը: Ինչպես ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ընդգծեց ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, խմբի գործողությունները կարող են օգնել կարգավորման հարցում, բայց դրանք պետք է ձեռնարկվեն «ուշադիր, դանդաղ, երբ ժամանակը գա»:
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդմանը, ասել էր Ռուդենկոն:
Հայաստանի համար շարունակում է կարևոր մնալ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների վերադարձի հարցը: Մի քանի տասնյակ մարդ արդեն վերադարձել է տուն, այդ թվում՝ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահների օգնությամբ: Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշման մասին, որ կփորձի գերիների փոխանակում Բաքվի և Երևանի միջև՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին․ Ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով հանդիպում են անցկացրել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ
- ՌԴ փոխարտգործնախարար․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան