«Իմ քայլում» պայքարելու արդյունքում շատ եմ քարկոծվել. Վարդան Աթաբեկյան
«Կատարված բոլոր գործողությունների համար էլ կարելի է պատճառաբանություն բերել, բայց ժողովուրդը պատճառաբանություն լսելու համար չի իշխանություն ընտրել, այլ նրա համար, որ փոփոխություններ կատարվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին իմքայլական, այժմ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Հարցին, թե ինչո՞ւ պատգամավորը խմբակցությունից դուրս եկավ միայն պատերազմից հետո, մի՞թե ավելի վաղ չէր տեսնում իշխանությունների անգործությունը, Վարդան Աթաբեկյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ երբ դու թիմի անդամ ես, ամեն կատարված իրողություն չես կարող ընդունել և ներկայացնել որպես խմբակցությունից դուրս գալու պատճառ»։
Պատգամավորը նշեց, որ ինքը թիմում շատ պայքարելու արդյունքում «լիքը» քարկոծվել է։
«Եվ ամեն անգամ չէ, որ դու պետք է խուսափես թիմում պայքարելուց, դու պետք է ներսում էլ քո պայքարը տանես, որ գաղափարները կյանքի կոչվեն։ Եվ եթե մարդիկ շեղվել են իրենց ուղուց, դու պետք է փորձես նրանց հետ բերել։ Բայց գործողությունները, երբ ժամանակին պահանջ էր դրվում, որ ես մանդատս վայր դնեմ, նույնիսկ այդ պարագայում ինձ չստիպեցին մանդատս վայր դնել։ Բայց նոյեմբերի 10-ին կատարվածն արդեն վերջնականացրեց որոշումս։ Նկատել եմ բաներ, պայքարել եմ դրանց դեմ, բայց դրանք թիմից դուրս գալու պատճառներ չէին»,- ասաց անկախ պատգամավորը։
Միևնույն ժամանակ, նա նշեց՝ չի փոշմանում, որ 2018-ին դարձել է Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ։
«Այն գաղափարախոսությունը, որ մենք ունեինք, երկիրը նոր ձևով կառուցելու համար էր։ Բայց թե որ կետից իշխանությունը շեղվեց այդ գաղափարախոսությունից, ապագան ցույց կտա։ Պետք է պայքար տարվեր կոռուպցիայի դեմ, մեղավորները, հանցագործները պետք է պատժվեին, թե ինչու այդ ամենն ուշացավ, ժամանակը ցույց կտա»,- նշեց նա։