Ի՞նչ աջակցություն է տրամադրվում սահմանամերձ համայնքների բնակիչներին
«Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 համայնքն ընդգրկվել է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով, եղած փոփոխությունից հետո սահմանամերձ համայնքների թիվը դառնում է 77։
«Մինչ այս գործող ծրագրերով փոխհատուցվում էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների գազի հետ կապված ծախսերի գումարը, մասնավորապես՝ տարվա կտրվածքով մինչև 360 մետր խորանարդ գազ սպառելու դեպքում, գումարի 50 տոկոսը վճարում էր պետությունը։ Տարվա ընթացքում մինչև 1440 կՎտ հոսանք ծախսելու դեպքում ևս պետությունը վճարում էր գումարի 50 տոկոսը։ Հողի և անշարժ գույքի հարկերն ամբողջությամբ էր փոխանցվում կառավարության կողմից։ Իսկ նոր որոշմամբ՝ այս բոլոր ծրագրերին ավելանում է նաև դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարը»,- նշեց փոխնախարարը։
Նա հայտնեց նաև, որ եթե հակառակորդի գործողությունների հետևանքով վնասվեն սահմանամերձ համայնքների բնակիչների տները, ապա կկազմվի հանձնաժողով, որը կգնահատի վնասի չափը, իսկ պետությունը կփոխատուցի այն։
«Բացի այդ, ունենք նոր աջակցության տեսակ, ըստ որի՝ ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած բնակիչը կստանա աջակցություն։ Մասնավորապես, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերածները կստանան 3 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերածները՝ 2 մլն, երրորդ խմբինը՝ 1 մլն դրամ։ Եթե վիրավորում ստանա սահմանամերձ համայնքի բնակիչը, որը երեխա է, ապա պետությունը նրա ընտանիքին կտրամադրի 3 մլն դրամ։ Իսկ զոհ ունենալու դեպքում գումարի չափը կլինի 5 մլն դրամ»,- ներկայացրեց նա։
Դավիթ Խաչատրյանը նշեց նաև, որ հիմա էլ է խնդիրն ուսումնասիրվում, և աջակցության տեսակները հնարավոր է առաջիկայում ընդլայնվեն. այս փոփոխություններն իրականացվել են հիմնականում պատերազմական գործողություններից հետո, իրավիճակին պատշաճ արձագանքելու համար։
Հարցին, թե ինչո՞ւ Խնձորեսկ և Քարահունջ գյուղերը չկան աջակցության ծրագրերում, փոխնախարարը պատասխանեց, որ չափանիշների հետ կապված գործում է ուղիղ հեռավորության չափումը։
«Այդ հեռավորությունը չափվում է սահմանից մինչև այդ բնակավայրի վերջին բնակելի տան մասը, և այս նշված համայնքները ավելի հեռու էին, քան սահմանված հեռավորությունները։ Բայց մենք ահազանգեր ստացանք, որ համայնքների արոտավայրերն ավելի մոտ են սահմանին, ու հիմա քննարկում ենք ցանկը ճշգրտելու տարբերակներ, ամենայն հավանականությամբ՝ Խնձորեսկն ու Քարահունջը կընդգրկվեն այդ ծրագրում։
Մենք դիտարկում ենք նաև Ակներ ու Վերին Շեն համայնքները նույնպես այս ցանկում ներառելու հարցը։ Օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի։ Նշեմ, որ ծրագիրը վերաբերում է գյուղական համայնքներին։ Կարծում եմ՝ Կապանի մասով այլ լուծումներ կտրվեն»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ համայնքների ցանկը կլրացվի Գեղարքունիքի և Սյունիքի ևս 35 համայնքներով. Մեսրոպ Առաքելյան
- Արման Թաթոյանը Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան