Լավրովի հետ հանդիպմանն Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը
Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր փոխանակվել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։
Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը:
Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու ՌԴ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Արցախի շուրջ համաձայնագրերի կատարման ընթացքը
- ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին․ Ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում
- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսակապով հանդիպում են անցկացրել Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ
- ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին