Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
5-րդ ալիքով ռեպորտաժ է Զվարթնոց օդակայանից՝ Ռուսաստան մեկնողների մասին։ Լրագրողի հարցին՝ թե արդյոք իրենց գյուղից շատ տղամարդ է հեռացել, մարտունեցի մեկը պատասխանում է՝ «լրիվը․․․ հենա կնանիք դրսում են լողանում»։
Դե, կեցցե՛ք դուք։
Ալիևն ընտանիքի հետ օրական մի ռազմավարական շինանարարության բացումն է գովազդում, թուրքերն իրենց զինված ուժերն են կատարելագործում, իսկ Հայաստանում քիչ էր որ գործող վարչախումբը թշնամու հետ ունեցած հետ սահմանները խոցելի դարձրեց և բանակը թուլացրեց, մի բան էլ մեր խոպանչիներն են իրենց գյուղն ու տունն անտղամարդ թողնում։
Ակամա չես կարողանում ձերբազատվել այն ճնշող իրողությունից, որ 1915թ․ կոտորածի շեմին թուրքական իշխանությունները զորակոչի անվան տակ հայ տղամարդկանց հեռացրին բնակավայրերից։ Իսկ հիմա մեր իշխանությունները, բնակչության համար իրական խնդիր դարձնելով օրվա հացի հայթայթումը՝ ստիպում են հայ տղամարդկանց ինքնակամ հեռանալ դրսերում փող աշխատելու նպատակով։
Երկակի զգացողություն է հեռացողների հանդեպ․ հասկանում ես, որ մարդիկ ընտանիք պահելու խնդիր ունեն, բայց նաև ուզում ես հարցնել՝ իսկ ո՞ւմ ուսերին եք թողնում երկրի ու ձեր գյուղի պաշտպանությունը, փրկությունը, զարգացումը։ Հույսը երևի մնացողների վրա է, ովքեր անշուշտ կմնան, անկախ սոցիալական վիճակի վատթարացումից։ Կմնան և ուժերի ներածին չափով կնպաստեն պետության կայացմանը, ինչպես եղավ 90-ականներին։
Դա տեսել ենք ։ Տեսել ենք նաև, թե ոնց են մնացողներին Հայրենիք սիրելու հեռավար կենացային դասեր տալիս։ Հետո տեսել ենք «երկիրը երկիր չի» քայքայիչ թեզի տարածումը։ Հիմա էլ ասում են՝ «էս երկի՞ր ա, որ մնանք»։ Ու բնավ չեն էլ մտահոգվում , որ երկիրն էս վիճակին հասցնելում իրենք էլ իրենց բաժին մեղքն ունեն՝ նպաստելով գունավոր հեղափոխության կայացմանը։ Մեղավոր են բոլորը, բացի իրենցից ու Նիկոլից։ Հայհոյում ու լքում են երկիրը, բայց տեսախցիկների առաջ ասում են՝ «մեկ ա, Նիկոլը մեր աստվածն ա»։
Եթե իրոք այդպես եք մտածում, բա մնացեք ձեր կուռքին աջակցեք, որ ստիպված չլինի Գյումրիի ճանապարհին ինքն իր համար «պոտյոմկինյան գյուղեր» բեմադրել։ Դեռ ինչքան ու քանի ձևով իշխանությունները պիտի ստուգեն իրենց զրոյացող վարկանիշը, որ վերջնականապես հասկանան՝ ինչպես որ Նիկոլն է խոսքով սիրել «ժողջանին», նույնպիսի կեղծավոր- բանավոր վերաբերմունք էլ հիմա իր նկատմամբ է։ Տեսախցիկների առաջ «փոքր մարդիկ» գավառական ծառայամտությամբ մեծարում են «թագավորին», սա էլ ցեյտնոտի մեջ ընկած կառչում է ամեն հաճելի խոսքից։
Արտագաղթի մասին շատ են լուրջ ու խորքային նյութերը, պարզապես հիմա անդրադարձա փետրվարի 1-ից բացված ավիաճանապարհների թողած ճնշող տպավորությանը։ Չեմ վախենում, որ երկիրն այնքան կդատարկվի, որ սկուտեղի վրա հեշտ ու հանգիստ կմատուցվի թուրքին։
Հակառակը, վստահ եմ, որ կմնան նրանք, ում համար Հայաստանը սոսկ տարածք չէ, այլ ապրելու իմաստ։Կմնան, կմիավորվեն, ադամանդի պես կկարծրանան, երկրից կմաքրեն կեղտն ու դավաճանությունը, հերոսին իր արժանին կհատուցեն, օտարի գործակալին՝ իր պատիժը։ Երեք տարում քանդածը հեշտ չի լինի վերականգնել, բայց Հայաստանում մնացողները կանեն դա իրենց կյանքի ու կարողությունների գնով, հանուն եկող սերունդների։
Գնացողին՝ բարի ճանապարհ, մնացողին՝ պայքարի ուժ ու կորով։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
- Լիա Իվանյան. Երբ թուրքի շահն է գերիշխում
- Լիա Իվանյան. Քաոսի շեմին