«Ժողովուրդ». Մինչև ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը:
Իշխանությունները նպատակ ունեն մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել և ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսևորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին:
Բայց գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է Սահմանադրական փոփոխություններ ևս իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով:
Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչև ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին: Իսկ մինչև ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: