Ռոհանի. ՀԳՀԾ-ն պահպանելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի անմարդկային պատժամիջոցների չեղարկումն է
Քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երկրների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհավատարմությունն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ «եթե մենք իսկապես ցանկանում ենք պահպանել ՀԳՀԾ-ն, մենք դրա արդյունավետությունը պետք է զգանք գործնականում՝ համաձայնագրի կառուցվածքի շրջանակներում և Եվրոպան պետք է դա գործնականում ապացուցի»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Չորեշքաբթի օրը, Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ում նոր կետերի ներառումն անհնար է: Նա նշել է, որ ՀԳՀԾ-ն, որ հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից և Իրանի ու վեց երկրների երկարատև բանակցությունների արդյունք է, ունի հստակ սահմանված շրջանակ և չի կարող ենթարկվել փոփոխության:
Ռոհանին հավելել է, որ ՀԳՀԾ-ի շարունակումը պատժամիջոցների շարունակման և անդամ երկրների կողմից իրենց պարտավորություններին հավատարիմ չմնալու պայմաններում, անօրինական է ու անընդունելի: Նրա խոսքերով, համաձայնագիրը պահպանելու միակ ճանապարհն ԱՄՆ-ի անմարդկային ու անօրինական պատժամիջոցների չեղարկումն է և վերադարձը միջուկային համաձայնագիր:
Ռոհանին նշել է, որ իսլամական խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն, Իրանը կարող է կրճատել իր պարտավորությունների կատարումը, եթե համաձայնագրի մյուս անդամները հավատարիմ չլինեն իրենց հանձնառություններին: Ըստ ԻԻՀ նախագահի. «Եթե ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք կատարմանը»:
Անդրադառնալով տարածաշրջանի խաղաղության ու կայունության կարևորությանը, Ռոհանին նշել է, որ տարածաշրջանի ամենամեծ մարտահրավերն օտարերկրացիների ներկայությունն է և ահաբեկչության տարածման հետևանքով առաջացած մարտահրավերները:
Հեռախոսազրուցյում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է ՀԳՀԾ-ի՝ որպես միջազգային համաձայնագրի պահպանման, տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու և տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ երկրների միջև համագործակցության ամպրապնդման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան