Նոր նորմեր՝ երկրաշարժադիմացկուն շենքեր կառուցելու համար
«2018 թվականին անհրաժեշտություն առաջացավ փոփոխելու գործող՝ սեյսմակայուն շինարարության նախագծման նորմերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Շինարարական» ֆակուլտետի դեկան, դոցենտ Դավիթ Գրիգորյանը։
Նրա խոսքով, այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի պատճառներով, որոնցից առաջինը սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզի փոփոխումն է։ Բացի այդ, սովորաբար, նախագծման նորմերը 10 տարին մեկ վերանայման կարիք են ունենում, քանի որ փոխվում են տեխնոլոգիաները, հաշվարկի մեթոդները։
«Բացի այդ, հաշվի են առնվում ամբողջ աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի ուսումնասիրության արդյունքում ստացված նոր գիտական ձեռքբերումները։ Այդ ամենը հաշվի առնելով՝ 2018 թվականին հայտարարվեց մրցույթ, որին մասնակցել ու հաղթել ենք մենք։ Այդ օրվանից ձևավորվել է մասնագիտական խումբ, որում ներգրավվեցին պրոֆեսորներ ու դոցենտներ՝ համալսարանից, ՔՇ կոմիտեի ներկայացուցիչներ, վաստակավոր մասնագետներ»,- ներկայացրեց նա։
Բանախոսը հայտնեց, որ արդեն ուժի մեջ են մտել նոր նորմերը, որոնք, ի տարբերություն նախորդ նորմերի՝ կոչվում են ոչ թե սեյսմակայուն, այլ՝ երկրաշարժադիմացկունության նախագծման նորմեր։
«Շինարարական կոնստրուկցիաների» ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը տեղեկացրեց, որ նոր նորմերը բավականին շատ փոփոխություններ են բերել։
«Տեսեք, եթե նախկինում մենք օգտագործում էինք ամրաններ, որոնք իհարկե, նորմերով թույլատրված չէին, իսկ հիմա արդեն նորմավորված են այն ամրանների տեսակները, որոնց օգտագործումը թույլատրված է։ Նորմեր են ընդունվել երկաթբետոնե պատերի վերաբերյալ։ Մեր մոտ շենքերում երկաթբետոնե պատերը կոչվում են դիաֆրագմաներ։ Նախկինում մեզ մոտ չկար դիաֆրագմայի սահմանումը, նշվում է, թե ինչ չափեր պետք է ունենա այդ դիաֆրագման, ի՞նչ բացվածքներ է թույլատրվում անել դրանց մեջ։ Նախկինում այս լուծումները չկային, և հաճախ մարդիկ վերցնում ու մեծ բացվածք էին իրականացնում ու ասում՝ սա պատ է։
Հաջորդ կարևոր կետերից մեկը վերաբերում է սալիկներին։ Հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ ամբողջապես սալիկապատված են բազմահարկ շենքերը։ Բայց ժամանակի ընթացքում դրանք ընկնում են, իսկ երկրաշարժի ժամանակ դրանք շատ վտանգավոր են, բերում են փլուզումների։ Դրա համար այս նորմերում սահմանափակված են այն տարբերակները, որոնք գործում էին նախկինում։ Այսինքն՝ արդեն հատուկ միջոցներ են պետք շենքերի ճակատային հատվածի համար»,- ասաց Տիգրան Դադայանը։
Ինչ վերաբերում է միջնորումներին (միջնապատ), ապա Տիգրան Դադայանի խոսքով, դրանց համար գործածվում են «բլոկներ», բայց հիմա բարձրահարկ շենքերի համար դա էլ է սահմանափակվել։
«Ինչո՞ւ։ Քանի որ դրանք նույնպես խոցելի են, և վտանգ են ներկայացնում բնակիչների համար։ Այդ բլոկներն արգելվելու են նաև հիվանդանոցային, դպրոցական շենքեր կառուցելում ներգրավելու համար»,- նշեց նա։
Տվյալ նորմերով կառուցվելու դեպքում շենքը պետք է ապահովի այն, որ որևէ դեպքում որևէ բան չսպառնա մարդկանց կյանքին։ Այսինքն՝ դրանք պետք է լինեն մաքսիմալ անվտանգ՝ մարդկանց կյանքի համար։
«Այսինքն՝ 8-9 բալանոց երկրաշարժերի ընթացքում այդ շենքերը դառնում են ապահով»,- նկատեց նա։