«Փաստ». Սերժ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա
«Փաստ» թերթը գրում է. ««Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ այս մասով հանրության շրջանում դեռևս որոշակի կասկածներ են շրջանառվում այն ուղղությամբ, թե ինչու իշխանությունը հանձնվեց հենց Նիկոլ Փաշինյանին, ինչ իրադարձություններ նպաստեցին դրան և այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանությունները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։ Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապված հանրության շրջանում սպասելիքներ են ձևավորվել։
Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին հաջորդող խոսքն արդեն եղավ ամիսներ անց՝ ծավալուն հարցազրույցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանությունների նկատմամբ խոր հիասթափության պարագայում հանրության մի ստվար հատվածը փորձում է հույսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսյանի խոսքն այս ուղղությամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թե իրենք, ինչպես և ցանկացած իշխանություն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անվան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը։
Եվ պատահական չէ, որ այս կապակցությամբ Սարգսյանը օրինակներ բերեց, թե ինչպես կարելի էր լուծել պատերազմում առնվազն չպարտվելու հարցը։ Այնինչ, իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով խորհուրդներ լսել, այդ թվում՝ փորձառու զինվորականների և ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանությունների «ամենագիտության» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է ձախողման: Այս մասին նախօրեին բարձրաձայնեց նաև երրորդ նախագահը: «Թավշյա» քայլողներին թվում էր, թե իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից։ Արդյունքում նրանց մեծամտության պատճառով երկիրը տուժեց։ Կարևոր հանգամանք էր նաև Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառվող այն կասկածները, թե Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսյանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթություն չէր խզբզի»:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքը պետք է համարել ոչ միայն կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելը, այլև մի շարք մանիպուլյացիաների հետ կապված պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկե, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլյացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է: Ահա, նաև նման միֆերի քանդմանն էր ուղղված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ հազիվ թե հնարավոր է մեկ-երկու հարցազրույցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին և ցրել միֆերը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ էր՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից՝ հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձն այն մասին էր, որ երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա՝ հայտարարելով, թե ինքն անձամբ, լինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, պետական պաշտոնի չի հավակնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում