Իմքայլական պատգամավորները «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով
Ազգային ժողով հրավիրված ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ քննարկել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:
ԱԺ պաշտոնական կայքէջում հրապարակված լուրում ասվում է, որ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:
Ըստ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաև ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները և սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:
Պատգամավորները պնդեցին, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում և ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով: Նրանք ընդգծեցին, որ նախագծում չի լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:
ՄԻՊ-ը նաև նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն և կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:
ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն, նախատեսվում են նաև հանրային լսումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա