Նրանք ընտրել են մահն իմացյալ
Երևանի Պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում երկու լսարաններ անվանակոչվեցին պատերազմում զոհված զինծառայողներ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի և Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անուններով:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 324 լսարան) անվանակոչվեց նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ:
Ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 420ա լսարան) անվանակոչվեց Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն ասաց, որ Արցախյան առաջին պատերազմից հետո էլ բացել են լսարաններ զոհված ուսանողների անվամբ, ու թեև այն ժամանակ էլ էր ծանր, բայց մեծ հպարտություն կար բոլորի մեջ՝ նրանց արյունով ձեռք էր բերվել հայրենիքի մի հատված:
«Այսօր ոչ թե այդ տղաները պարտեցին, ոչ թե զուր էր նրանց թափած արյունը, այլ ուղղակի այդպիսի դավադրություն պետք չէր մեր բանակի, ազգի նկատմամբ»,- նշեց նա:
Դիմելով զոհված ուսանողների ծնողներին՝ ասաց, որ ինչ էլ անեն, չեն կարող թեթևացնել նրանց վիշտը. «Բայց համոզված եղեք, համալսարանն այն բուհն է, որտեղ ոչ միայն գիտելիքներ են տալիս, պատրաստում են նաև հայրենիքին նվիրված զավակներ, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ հայրենիքին: Այդպես են դաստիարակվել նաև ձեր զավակները»:
Մ. Գրիգորյանի խոսքով, այս լսարաններում նոր սերունդներ են կրթության ստանալու, հազարավոր երիտասարդներ են մտնելու ու ծանոթանալու Ալեքսանի, Սուրենի կյանքի պատմություններին, նրանց անցած ճանապարհին, անկասկած՝ ցանկանալու են նմանվել նրանց:
Նա պատմեց, որ Սուրենը տեսողության հետ կապված խնդիրներ ուներ, կարող էր բանակ չգնել, սակայն համարել է, որ Հայոց բանակում չծառայելը պատիվ չի բերի իրեն: Մ. Գրիգորյանը հիշեց Ալեքսանի հետ զրույցները՝ նշելով, որ հիանում էր նրանով:
«Նրանք ընտրել են մահն իմացյալ: Նրանք անմահացան: Նրանց անունները հավերժ գրվեց հայ ժողովրդի հերոսների հավերժության մատյանում: Նրանք երբեք չեն մոռացվում: Մենք հպարտ ենք, որ նման ուսանողներ ենք ունեցել»,-ասաց Մարատ Գրիգորյանը:
Նրա ուսանողները ընկերները պատմեցին, որ երբ որևէ օլիմպիադայի կամ մրցույթի պետք է մասնակցեին, անպայման Սուրենին կանչում էին, ու անպայման իրենց թիմը հաղթում էր:
Սուրենը Բերդ քաղաքից էր:
«.Քանի օր էր՝ չէր զանգել։ Մտածում էինք՝ մի անտառում են, հեռախոս չկա, կապ չկա։ Շատ մարդկանց խառնեցինք, որ գտնենք եղբորս։ Հացի մեքենայի վարորդին գտանք, ասաց՝ պոստերում Սուրեն Մելիքբեկյան անունով մի տղա կա։ Էնքան ուրախացանք։ Մի քանի օր հետո պարզվեց՝ իմ Սուրենը չէր։ Ամեն օր նրան երազումս տեսնում էի։ Ասում էր՝ ես կամ, ողջ եմ։ Ու դա ինձ հույս էր տալիս։ Համացանցում մի վիրավոր տղայի նկար էինք տեսել, շատ էինք նմանեցրել Սուրենին։ Ես նեղվում էի, որ եղբորս վիրավորների, այլ ոչ թե առողջների մեջ ենք փնտրում։ Մի քանի օր անց էլ ասում էի՝ թող անոտք, անձեռք լինի, բայց գա։ 22 տարեկանում 100 տարվա կյանք ապրեց»,- պատմել է Սուրենի քույրը՝ Սվետան (www.cyc.org.am):
Արցախի պաշտպնության բանակի կողմից ներկայացվող «Ճանաչենք մեր հերոսներին» շարքում հանդիպում ենք Ալեքսանի անունը. «Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ ..., սերժանտներ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը, ...»:
Հարակից հրապարակումներ`
- Ապրել, ապրել․ ապրել, որ նրանց երազանքները իրականություն դառնան. «Փառքի պատի» խորհուրդը
- «Հավերժ փառք Գևորգներին»
- Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին