«Ժողովուրդ». Ինչու է Բենզին Ռուբոն իր բիզնեսը վաճառել հենց Խաչատուր Սուքիասյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գործարար, «Ռան Օյլ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը՝ Բենզին Ռուբոն, մասամբ վաճառել է իր ընկերությունը: Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է բենզինի և դիզվառելիքի վաճառքով: Հետաքրքիր է, սակայն, որ գործարար Գալուստյանն իր ընկերությունը վաճառել է, ոչ ավել, ոչ պակաս, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Գաղտնիք չէ, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչների հետ և, երեկ տարածված տեղեկությունների համաձայն, փորձում է տեռորի ենթարկել մյուս ընկերություններին և մենաշնորհային դիրք գրավել:
Թե ինչու է «Ռան Օյլ» ընկերության սեփականատերն այն վաճառելու որոշում կայացրել, փորձեցինք պարզել հենց նրանից: Գալուստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մասամբ է վաճառել ընկերությունը և այժմ էլ համասեփականատեր է հանդիսանում Խաչատուր Սուքիասյանի հետ միասին: Հարցին՝ ինչու է այն վաճառվել, և ինչու հենց Խաչատուր Սուքիասյանին, գործարարը նշեց. «Դա իմ ցանկությունն է, ճիշտն ասած, այդպես էր մեզ պետք:
Այնպես չէ, որ կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին եմ ընտրել. նա գնորդ է եղել, ես էլ վաճառել եմ: Այնպես չէ, որ հատուկ է այդպես վարվել: Ընկերությունն էլ մասնակի ենք վաճառել, ոչ ամբողջովին», – նշեց նա:
Հավելենք, որ «Սիլ կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ նշում է, թե ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ իրավունք ունի ձեռք բերել, հիմնել և զբաղվել տարատեսակ բիզնեսներով, այդ թվում` վառելիքի ներկրմամբ, առքով և վաճառքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում