«Ժողովուրդ». Տնտեսության առողջացման մասին Փաշինյանի լավ լուրերը այնքան էլ այդպես չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Չնայած երեկ կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց սկսել լավ լուրով և տնտեսության առողջացման մասին հայտնել, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ: Նախ՝ նշենք, որ նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայաստանի տնտեսությունը hետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:
Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ, աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով»:
Փաշինյանը նաև նկատեց, որ համեմատում է 2020-ի փետրվարի հետ՝ մի շրջանի, երբ Հայաստանի տնտեսությունը դեռ վնասներ չէր կրել համավարակի պատճառով։ Սակայն այս տվյալներն այնքան էլ ոգևորող չեն, քանի որ սպառման ծավալների աճն իրականում պայմանավորված է կորոնավիրուսի և պատերազմի պատճառով հետաձգված ծախսերի հետ, որոնք մարդիկ հիմա են իրականացնում: Եվ, առհասարակ, արդարացված չէ խոսել տնտեսության վերականգման մասին՝ հիմք ընդունելով միայն վերջին երկու շաբաթվա միտումները, մանավանդ երբ նախորդ տարին մեծ անկումների տարի էր:
Սակայն դրա հետ մեկտեղ նկատենք, որ ճգնաժամային 2020-ին նախորդած 2019 թվականը Հայաստանը փակել էր վերջին 12 տարիների կտրվածքով աննխադեպ մեծ՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, ինչին հաջորդած արդեն 2020 թվականի հունվար և փետրված ամիսներին ևս տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր՝ 8,5-9 տոկոս։ Վարչապետը նաև նշել էր, թե աճել են արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում, սակայն թվեր չէին հնչել:
Դրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանը 2020-ի հունվար-դեկտեմբերին արտահանել է 2 մլրդ 544 մլն 482.7 հազար դոլարի ապրանք՝ 2019-ի 2 մլրդ 648 մլն 582.8 հազար դոլարի համեմատ: Այսպիսով, արտահանման ծավալը 2020-ին նվազել է 3.9 տոկոսով: 2019-ի համեմատ՝ 2020-ին էապես՝ 50.9 տոկոսով նվազել է վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների արտահանումը: Հայաստանը 2020-ին իրականացրել է 4 մլրդ 559 մլն 392.8 հազար դոլարի ներմուծում: Ամենաշատ ներմուծում Հայաստանն արել է Ռուսաստանից:
Ներմուծման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին՝ 873 մլն 879.4 հազար դոլարի: Երկրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է՝ 744 մլն 957.7 հազար դոլարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում