ՀՌԱՀ-ը կանխակալ վերաբերմունք ունի մեր նկատմամբ. «Հ2»-ի փոխտնօրեն
«Միակ գործող հեռուստաալիքը, որ զրկվել է հեռարձակման իրավունքից, հանրային երկրորդ հեռուստաալիքն է»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց եթերազրկված «Հ2» հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ՀՌԱՀ-ի որոշմամբ՝ «Հ2»-ը զրկվել է վերգետնյա հեռարձակման իրավունքից։
Նրա խոսքով, ՀՀ պատմության մեջ աննախադեպ երևույթ է, որ հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքը եթերազրկվում է, նման բան նախկինում երբեք տեղի չի ունեցել։
«Սա միանշանակ լուրջ հարված է խոսքի ազատությանը, հետևաբար՝ նաև ժողովրդավարությանը։ Մենք՝ որպես ընկերություն, որևէ կասկած չունենք, որ սա քաղաքական հետապնդում է. վերջին մի քանի տարվա ընթացքում մեր ընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ուստի սա մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ հետևողական քայլերից հերթականն է»,- կարծիք հայտնեց Լևոն Սուլթանյանը։
Նա նշեց, որ իրենք իրենց իրավունքները մինչև վերջ պաշտպանելու են՝ օրենքով սահմանված կարգով ու բոլոր մեթոդներով։
«Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել։ Կայացվել է որոշում, հիմա ՀՌԱՀ-ը փորձում է դա ներկայացնել մոտավորապես այսպես՝ քանի որ մրցույթ է, սահմանափակ քանակով տեղեր կան, ու եթե մասնակիցների քանակն ավելի շատ է, քան տեղերը, որոնց համար մրցում են, ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է պարտվի։ Պարտվողն էլ, ամենայն հավանականությամբ, պիտի բողոքի։
Այսինքն՝ սա սովորական պրոցես է, որ մեկը պարտվել է ու բողոքում է։ Բայց իրականությունը լրիվ այլ հարթության մեջ է։ Մեր օրենսդրությունը շատ ուղիղ պահանջ է դնում, որ ՀՌԱՀ-ի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված ու պատճառաբանված։ Մրցույթի անցկացման բոլոր չափանիշներով պետք է գնահատում իրականացվեր։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ թերություններ ունեինք, որ հետո շտկենք»,- ասաց նա։
Լևոն Սուլթանյանը նկատեց՝ ՀՌԱՀ նախագահն ասել է, թե իրենք հաշվի են առնում 100 չափանիշ, այնինչ օրենքում ասված է, որ կոնկրետ յոթ չափորոշիչ կա, որոնցից միայն վեցին է հանձնաժողովն անդրադարձել՝ «Հ2»-ի եթերազրկման որոշման մեջ։
«Այսինքն՝ սա կանխատեսելիության խախտում է, մենք պատշաճ պարզաբանում չենք ստացել, թե ինչու ենք եթերազրկվում։ Իրենք չեն ասում, թե ինչն են հաշվի առել մեզ եթերազրկելուց։ Սա շատ լուրջ խնդիր է՝ կապված խոսքի ազատության խախտման հետ։ Բացի այդ, մեզ եթերազրկելու որոշումից և ՀՌԱՀ նախագահի ելույթից հետո մենք կասկածում ենք, որ կա կանխակալ վերաբերմունք մեր նկատմամբ։
Բացատրեմ ինչու. առաջին հերթին այն հանգամանքը, որ «Հ2»-ը դիմել էր միայն հանրապետական ծածկույթին, ներկայացվեց ինչ-որ տարբեր ենթադրություններով, թե իբր մենք գոռոզ էինք, այլ բաների վրա հույս ունեինք։ Այնինչ այդ հարցի շուրջ ՀՌԱՀ նախագահի հետ մենք մի քանի անգամ զրույցներ ենք ունեցել։ Եվ ինքը շատ լավ գիտեր, թե ինչու ենք մենք դիմել միայն հանրապետական ծածկույթի համար»,- ներկայացրեց «Հ2» հեռուստաալիքի փոխտնօրենը։
Բացի այդ, նրա խոսքով, դեռ 2019 թվականին ՀՌԱՀ-ը որոշել է երկու վարչական վարույթ հարուցել «Հ2»-ի դեմ, և այն, որ հեռուստաալիքը չի համաձայնել այդ հանգամանքին, դիմել է դատարան, ՀՌԱՀ-ի կողմից ներկայացվում է որպես բացասական երևույթ։
«Այնինչ, երկու դեպքում էլ տարբեր դատարանների որոշումներն էլ ցույց են տվել, որ մենք ճիշտ էինք։ Այսինքն՝ այդ վարույթներով հանձնաժողովը խախտել է խոսքի ազատությունը։ Հիմա զավեշտն այն է, որ մենք դեռևս 2019-ին ասում էինք՝ մեր իրավունքները պաշտպանելու ենք, ՀՌԱՀ նախագահը ողջունում էր այդ քայլը, ասում էր՝ իհարկե, քաղաքակիրթ հասարակությունում այդպես պետք է լինի։ Հիմա այսօր պարզվում է՝ այդքան էլ ողջունելի չէր, որ մենք դատարան էինք դիմել։ Հիմա էլ ՀՌԱՀ նախագահն ասում է, թե շատ կասկածելի որոշումներ են ընդունել այդ դատարանները» ,- ասաց Լևոն Սուլթանյանը։