Արձանագրվել է երրորդ երկրներից ներմուծումների կտրուկ նվազում. Մնացական Շարաֆյան
«Մաքսային մուտքերը եթե դիտարկում ենք առանց մարդատար մեքենաների ներմուծման գանձումների, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին կա նվազում 2019 թվականի նկատմամբ և գրեթե նմանվել է 2018 թվականին»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:
Նա նշեց, ԵԱՏՄ-ի կողմից ընդունված 113 որոշումով ՀՀ-ին տրամադրվել էր ապրանքատեսակների մաքսատուրքի որոշակի արտոնություն, որն ավարտվել է 2020-ին՝ պատճառ դառնալով տնտեսվարողների վրա լրացուցիչ բեռի և մաքսային վճարների բարձրացման:
Ըստ Մնացական Շարաֆյանի՝ մաքսային գործընթացների հիմնական մասում արձանագրվել են անկումներ, բայց եղել են նաև աճեր:
«2019 թվականին մի շարք ուղղություններով կան նվազումներ, բայց դրանք ոչ բոլորն են, օրինակ՝ ԵԱՏՄ պետություններից ներմուծումները 1.3 տոկոսով աճել են»,- ընդգծեց Շարաֆյանը և հավելեց, որ միևնույն ժամանակ արձանագրվել են երրորդ երկրներից ներմուծումների կտրուկ նվազումներ:
ՊԵԿ պաշտոնյան տեղեկացրեց, որ 2020 թվականին արձանագրվել է արտահանողների 3 տոկոս աճ՝ հիմնականում տրիկոտաժի և հանքարդյունաբերության ոլորտներում:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն էլ հայտնեց, որ 2019 թվականին այնքան շատ տրանսպորտային միջոցներ են ներկրվել Հայաստան, որ անգամ Վրաստանի նավահանգիստները չեն դիմացել այդ ծանրաբեռնվածությանը:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում սահմանվել է արտոնություն, ըստ որի՝ հայտարարագրված, բայց սահմանված ժամկետում չներկրված ավտոմեքենաները նույնպես նախկին մաքսատուրքով պետք է հարկվեին:
Կարապետյանը նշեց, որ այդքանից հետո էլ 370 մեքենա գույքագրվեց, որոնք ներկրվել էին առանց նախնական հայտարարագրման, որոնց մաքսազերծման հարցը լուծելու համար Հայաստանը դիմեց ԵԱՏՄ հանձնաժողովին և թույլատվություն ստացավ դրանք նույնպես մաքսազերծել 2019 թվականի մաքսային արտոնյալ դրույքաչափով:
«Համաճարակով պայմանավորված մեր մոտ առաջացավ մեկ այլ խնդիր. 2019 թվականին՝ մինչև արտակարգ դրության հայտարարումն, ունեինք քաղաքացիներ, որոնք Հայաստան էին ժամանել օտարերկրյա պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցնեով, իսկ մաքսային օրենսդրությամբ նրանց այստեղ գտնվելու թույլատրելի ժամկետը 1 տարուց ավելի չպետք է լիներ»,- հայտարարեց Կարապետյանը և հավելեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ խնդիրը ներկայացվել է ԵԱՏՄ հանձնաժողովին և առանձին որոշում է ընդունվել, որով թույլատրվել է մինչև 2021 թվականի մարտի 31-ը երկարաձգել այդ մեքենաների արտահանումների ժամկետները:
Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով քաղաքացիներին արգելվում է փոստով դեղեր ստանալ, սակայն ՊԵԿ գործողությունների արդյունքում հնարավորություն է տրվել տարին մեկ անգամ ստանալ դեղերի 5 անվանում՝ յուրաքանչյուրի համար 3 սպառողական փաթեթ, բայց դրանց մեջ չպետք է լինեն հոգեմետ դեղեր:
Արտեմ Կարապետյանն նշեց նաև, որ 1500 քաղաքացի արդեն փոստով ստացել է դեղեր: