Ունեցել ենք 7 տոկոս արտահանման և մոտ 17.5 տոկոս ներմուծման նվազում. ՊԵԿ պաշտոնյա
«Մաքսային վիճակագրական շտեմարանում առկա տվյալները փաստում են, որ մենք ունեցել ենք 7 տոկոս արտահանման և մոտ 17.5 տոկոս ներմուծման նվազում»,- այսօրվա ասուլիսում հայտնեց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:
Անդրադառնալով թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի որոշմանը՝ ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020 թվականին այդ երկրի արտադրության ապրանքների ներմուծումից 25 մլրդ դրամի գանձում էր եղել, սակայն սխալ է ենթադրել, որ 2021 թվականի առաջին կիսամյակի արգելքի հետևանքով կլինի 12 մլրդ դրամի մուտքերի նվազում, քանի որ մեր տնտեսվարողները փոխել են իրենց շուկաները և նույն ապրանքները բերում են այլ երկրներից:
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն էլ տեղեկացրեց՝ դեպքեր են արձանագրվել, որ փորձել են Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծել:
Վերջինս հավաստիացրեց, որ այդ փորձերը կանխվել են և թուրքական ապրանքները դուրս են բերվել հանրապետությունից:
Կարապետյանը նշեց, որ գիտեն բոլոր ռիսկերը և իրենց ունեցած գործիքակազմով պայքարում են թուրքական ապրանքների ներմուծման փորձերի դեմ:
Նրա խոսքով՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ուժի մեջ մտնելու մեկ ամսվա ընթացքում արդեն փոփոխություններ են կատարվել այդ ապրանքների ցանկում՝ այն համալրելով նոր ապրանքատեսակներով:
Գործընկերոջը լրացնելով՝ Մնացական Շարաֆյանը հայտնեց, որ Թուրքիայից ժամանակին ներկրվում էին հիմնականում հագուստ, ցիտրուսային պտուղներ, ալյումինե ձողեր և լվացող ու մաքրող միջոցներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան