Լիլիթ Գալստյան. «Ամբողջ Երևանին ու երկրին որպես բիզնես տարածք են վերաբերվում». «Առավոտ»
«Առավոտ»-ը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանից մեկնաբանություն է խնդրել Արամ Մանուկյանի՝ Արամի փողոցում գտնվող տան ոդիսականի վերաբերյալ: Լ. Գալստյանը նշել է, որ այդ տունը մշակութային ժառանգությունից անդին է, քանի որ հոգևոր ու պատմական արժեք է, հիշատակ, մինչդեռ այսօր այն մարդիկ, որոնք իշխանություն են իրականացնում, չունեն այդ գիտակցումը:
«Տվյալ պարագայում մենք գործ ունենք Հայաստանի վերածնյալ անկախ պետության հետ, Արամ Մանուկյանն ուղղակի հասարակական քաղաքական գործիչ չէ, պետության երևելի ճարտարապետներից մեկն է, և Արամ Մանուկյանի հանդեպ հարգանքը, պետության նկատմամբ հարգանքն է: Արամ Մանուկյանի մեծարումը պետականության մեծարումն է: Ինքը համահայկական հարստություն է՝ իր ամբողջ խորհրդանիշով»,-ասել է Լիլիթ Գալստյանն ու փաստել, որ Հին Երևանի ողջ մշակութային շերտը ավերել են, հողին հավասարեցրել Աֆրիկյանների տունն ու մյուս շինությունները, ու այլևս բացակայում է Երևանի 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի պատմության ժամանակահատվածը:
Ինչ վերաբերում է համապատասխան պաշտոնյաների այն պնդումներին, թե ի թիվս այլ շենքերի, Արամ Մանուկյանի տունն էլ վերականգնվելու է, Լիլիթ Գալստյանը բացասական վերաբերմունք ունի, ասել է. «Դա բուտաֆորիա կլիներ, տեսել ենք համարակալած ջարդոնները, որոնք հետո գուցե կհավաքվեն, կունենանք զուտ առևտրային տարածք, որը այլևս դեկորատիվ նշանակություն կունենա և ոչ թե պատմական և հոգևոր…Ամբողջ Երևանին և ընդհանրապես երկրին որպես բիզնես տարած են վերաբերվում, բիզնեսի հայացքով է նայում մեր հայրենիքին, բայց հողատարածքը միայն հողը չէ, այն հո կադաստրային արժեք չունի՞… Այդ տարածքը մեզ համար հոգևոր, բարոյական, պատմական ու քաղաքական նշանակություն ունի…Իմ երեխան վաղը այդտեղով անցնելիս պետք է իմանար՝ ով է Արամ Մանուկյանը; Թե չէ շատերին թվում է, թե Արամ Մանուկյանին ոստիկանության առաջ կանգնեցրած մի խեղճ ու կրակ արձանով արժանին մատուցեցի՛ն՝ վերջ: Արամ Մանուկյանը մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ է և ցավոք սրտի, ովքեր իշխանություն են իրականացնում, այդ գիտակցումը չունեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին