«Լա Սկալայի» նվագախումբը Հռոմում հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով
«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով:
Նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացել է իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա կարևորել է երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելել է, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:
Համերգի ժամանակ հնչել են Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:
Համերգին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ըստ աղբյուրի, միջոցառմանը լայնորեն անդրադարձել են իտալական առաջատար մամուլն ու հանրային հեռուստատեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին