«Հրապարակ». Փաշինյանին քննադատելու համար 3 հոգի ազատվել է աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տեղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրավական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը:
Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխանելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը։ «Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղեկություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա։ Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխատում։
Մեզ հաջողվեց կապ հաստատել գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ։ Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հարցրինք՝ քննադատության համա՞ր են ազատել, և արդյոք պատրաստվո՞ւմ է դատական ճանապարհով վերականգնել իր ոտնահարված իրավունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում