Պետությունը պետք է երեխայի համար ստեղծի բարձր արժեքներ ապահովվող կրթության պայմաններ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «ՔՈԱՖ» բարեգործական հիմնադրամի Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ից։
Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլն:
Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը:
Արման Թաթոյանը նշել է, որ բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող քաղաքացին է վաղվա ապագան:
Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին:
Նշենք, որ ավելի վաղ ճանաչողական այցեր են կազմակերպվել նաեւ «ՔՈԱՖ»- հիմնադրամի Դալարիկ, Գետաշեն եւ Քարակերտ համայնքների երեխաների համար: