Ողբալի է ուղղակի այն ամենը, ինչով զբաղված է ԱԱԾ-ն. Արման Սաղաթելյան
«Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ձերբակալելու հիմնավորումները կատարյալ հիմարություն են»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
Նրա խոսքով, մարդիկ, որոնք նման հիմնավորումներ են բերել, ոչինչ չեն հասկանում՝ ո՛չ համացանցից, ո՛չ տեղեկատվական անվտանգությունից։
«Ողբալի է ուղղակի այն ամենը, ինչով զբաղված է ԱԱԾ-ն։ Երկրի գլխավոր խնդիրները թողած, այդ կառույցը զբաղված է անհեթեթությունների շարքով՝ սատանա բռնել, ՀԴՄ ստուգել...։ Սա ևս նմանատիպ դրսևորում է, որը, կրկնում եմ՝ կատարյալ հիմարություն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվել են, քանի որ, ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել Գագիկ Սողոմոնյան անվամբ կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։
Արման Սաղաթելյանը նկատեց, որ այս երկրում բավականաչափ արժանապատվություն ունեցող անձինք կան, որոնք պահանջատեր են լինելու բոլոր այն հարցերին, որոնք ազգային են ու պետական, և որևէ շինծու ձերբակալություն դրա վրա չի ազդելու։
«Քաղաքացիները պահանջատեր են լինելու, որ այս ամենի մեղավորները կանգնեն ու պատասխան տան։ Եվ չնայած եղանակային պայմաններին, այսօր այստեղ էներգետիկան շատ բարձր էր, միասնական։ Եվ այս տեսակ խուլիգանությամբ, իսկ ես այլ կերպ չեմ կարող անվանել սա, ականատեսը դարձանք նաև Նարեկ Մալյանի ձերբակալության, կարծում եմ՝ որևէ բանի չեն հասնի։ Երբ ժողովուրդն է ոտքի կանգնում, իշխանութունների մանր խուլիգանությունները դառնում են անիմաստ»,- շեշտեց Արման Սաղաթելյանը։
Դիտարկմանը, որ այսօրվա իշխանություններն անընդհատ պնդում են, թե իբր իրենց հրաժարականի վերաբերյալ հանրային պահանջ չկա, արդյո՞ք այդ պայմաններում շարժումը կարող է տրամադրություններ փոխել հանրության շրջանում, Արման Սաղաթելյանն արձագանքեց՝ ասելով, որ իշխանություններն ինչ-որ բաներ են կարծում, բայց իրականում կան փաստեր։
«Այդ ստերը, որոնցով իշխանությունները կերակրում եմ ժողովրդին, միայն ամեն ինչից անտեղյակ, միամիտ մարդիկ են դեռ լսում։ Կան փաստեր, կա իրողություն։ Եվ այսօրվա այս միջոցառումը կարծում եմ, այլևս կասկածելու տեղիք չի տալիս, որ կա իշխանությունների հրաժարականի հանրային պահանջ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
- Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան
- Ռուբեն Մելիքյան. Ձերբակալվել են Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը