Բիսեդկայի բազառի են վերածել ԱԺ-ն, ու քննարկվող հարցն էլ այն է, թե «արան» ով է. Սահակյան
«Մենք ունեինք պետություն..., իսկ այսօր սոցիալական արդարությունից խոսելուն զուգահեռ պետք է մտածենք նաև այն մասին, թե ինչպես անվտանգ հասնենք Մեղրի, որ գերի չընկնենք»,- այսօր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած «Սոցիալական արդարության խոչընդոտները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով, գործող իշխանությունների այսօրվա ամբողջ գործունեությունը հիմնված է նախկիններին փնովելու վրա, իսկ իրենք միայն քանդեցին Հայաստան պետության կարևոր երկու հիմնասյուները՝ բանակն ու սփյուռքը։
«Մենք միշտ հպարտացել ենք, որ տասը միլիոն հայ ենք, բայց սփյուռքի հետ հարաբերությունները կոորդինացնելու փոխարեն, այն պաշտոնյան, որ պատասխանատու է դրա համար, այսօր անհեթեթ հայտարարություններով է հանդես գալիս։ Մենք ունեինք բանակ, որ իսկապես ուներ այնպիսի զինատեսակներ, որ տարածաշրջանում նաև զսպող դերակատարում էր իրականացնում, իսկ այսօր մենք չունենք բանակ, Բաքվի զորահանդեսը որ նայում ես, տեսնում ես, որ մեր ամենակարևոր զինատեսակներն այնտեղ են՝ առանց վնասվելու։ Սա էլ է հարցերի տեղիք տալիս։ Հիմա մենք ինչ ենք քննարկում, էլի»,- նշեց նա։
Ըստ բանախոսի, սոցիալական արդարության մասին խոսելիս անընդհատ շեշտվում է իշխանությունների ստացած պարգևավճարների մասին, բայց դա ամենափոքրն է։
«Այդ պարգևավճարների ինստիտուտն իրենք ոչ միայն խայտառակեցին, այլ նաև՝ նսեմացրին։ Առաջին վեց ամիսներին մենք տեսանք, որ իրենք 2-3 աշխատավարձի չափով պարգևավճար են ստանում։ Այ, եթե դուք ձեր աշխատանքն այդքան էիք գնահատում, պիտի հրապարակային ասեիք, որ այդպիսի քայլ եք անում։ Եվ միևնույն ժամանակ, այն քաղծառայողները, որ օր ու գիշեր աշխատում են, ստանում են 150 հազար դրամ. արդյո՞ք դա սոցիալական արդարության տիրույթում է։ Ես կարծում եմ, որ սոցիալական արդարությունից խոսելուց առաջ պետք է մեր կարիքներն ու ունակությունները գնահատենք»,- կարծիք հայտնեց նա։
Հովհաննես Սահակյանը նկատեց՝ այսօրվա որոշում կայացնողները ամբիոններից որևէ կարևոր հարց չեն բարձրացնում։
«Որովհետև իրենք, ներողություն բառի համար, բայց «բիսեդկայի բազառի» են վերածել ԱԺ-ն, ու քննարկվող հարցն էլ այն է, թե «արան» ով է։ Բովանդակային որևէ բան չկա։ Իսկ եղած արդար խոսքն էլ ուզում են լռեցնել՝ վիրավորանքը քրեականացնելով»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին