«Դատախազությունը զբաղված է թիթեռ նկարելով, որովհետև դավաճանության մաս է կազմում»
«Այն ռեժիմը, որ հիմա ձևավորվել է Հայաստանում, հուսահատ փորձեր է անում՝ ռեպրեսիաներ կիրառելով մարդկանց վախեցնելու»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ընդդիմության մի շարք ներկայացուցիչների՝ ԱԱԾ կողմից բերման ենթարկվելուն։
Նրա խոսքով, այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ իրենց պայքարը հայոց պետության լինելիության համար է, նման «մանր-մունր» բաներից չեն կարող հուսահատվել, վախենալ կամ հիասթափվել։
«Մենք ունենք հայրենիք, որը վտանգված է, և մենք հաստատակամ ենք։ Ես ուզում եմ նշել, որ ԱԱԾ-ն ուրիշ անելիք չունի, պետք է ֆեյքերի հետևից ընկնի՞։ Մենք տեսնում ենք հսկայական քանակի ֆեյքեր իշխանական դաշտում, այդ ֆեյքերով ո՞վ պետք է զբաղվի»,- հարց հնչեցրեց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին ձերբակալելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձերբակալման պատճառ դարձած ֆեյքի մասով իրեն հետաքրքրում է՝ այդ ֆեյքի հետ կապված ի՞նչ մեղադրանք է ներկայացվում։ Նա նշեց, որ ԱԱԾ-ն ասում է՝ պատերազմի ժամանակ այդ ֆեյքը տեղեկատվություն է տվել։
«Ուրեմն, որ Արծրունը սուտ տեղեկատվություն է տվել, դա նորմալ է, բայց որ ինչ-որ մի ֆեյք ճիշտ տեղեկատվություն է տվել, դա հանցագործությո՞ւն է։ Զավեշտն այն է, որ այդ հոդվածի գործունեությունն, ըստ էության, ՍԴ որոշմամբ կասեցված է։ Այն ակտերը, որոնք դրված են այդ հոդվածի հիմքում, բողոքարկվել են, և ՍԴ-ն կասեցրել է դրանց գործունեությունը։ Այսինքն՝ նման խայտառակություն դժվար է պատկերացնել»,- կարծիք հայտնեց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվել են, քանի որ, ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել Գագիկ Սողոմոնյան անվամբ կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։
Ինչ վերաբերում է պետական դավաճանության մասիկն դատախազություն ներկայացված բազմաթիվ հաղորդումներին, ապա Ռուբեն Մելիքյանն ասաց, որ առկա է ակնհայտ պետական դավաճանություն։
«Դատախազությունը զբաղված է թիթեռ նկարելով, որովհետև դավաճանության մաս է կազմում»,- եզրափակեց խոսքը իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբալի է ուղղակի այն ամենը, ինչով զբաղված է ԱԱԾ-ն. Արման Սաղաթելյան
- Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանն ունեն այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան