Պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել․ Ա․Ղազարյան
Շրջակա միջավայրի նախարարությունը փորձնական ծրագիր է իրականացնում ՝ կանոնակարգելու Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Մասնավորապես, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացվում է 17 տեղամասերից։ Սա արվում է այն բանի համար, որ հնարավոր լինի սահմանել վերահսկողություն և, ինչպես պնդում էին պատասխանատու պաշտոնյաները, պայքարեն ապօրինի ձկնորսության դեմ։ Սակայն իրականում պատկերն այլ է՝ ոչ միայն ապօրինի ձկնորսության դեմ պայքար չի նկատվում, այլև ճիշտ հակառակը ՝ այժմ զգալի քանակով ձուկ որսվում է ՝ հիմա արդեն օրինական ճանապարհով։
«Panorama.am»-ի հետ զրույցում ՇՄ նախկին փոխնարար Այսեր Ղազարյանը նշեց, որ Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավաների է հասել։ Այս մասին փաստում են արբանյակային լուսանկարները։ Մի քանի տեղամասերի արբանյակային պատկերների համադրությունը ցույց է տվել, որ 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակն ավելացել է մոտ երկու անգամ:
«Դա նշանակում է, որ մենք գործ ենք ունեցել ոչ թե պիլոտային կամ փորձնական սիգի ձկնորսության կազմակերպման,այլ չհամակարգված արդյունագործական ձկնորսության հետ»,-ասաց Այսեր Ղազարյանն ու շեշտեց․ «Ուղղակի խայտառակ վիճակ է»։
Նրա խոսքով ՝ տպավորություն է,որ այս կամ այն որոշումներ կամ օրենքներ ընդունելով, օրինականացնում ենք ապօրինի գործողությունները,ինչպես ձկնորսության , այնպես էլ լայնածավալ ծառահատումների և այլնի մասով։
«Աշխարհում կոռուպցիոն համակարգերի ամենածայրաստիճան վիճակը է համարվում, երբ ապօրինի բիզնեսները իրենց համար ցանկալի արդյունքը «ձևակերպում» են իրավական դաշտում։Այսինքն՝ ինչ-որ ապօրինի բանի տակ փաստաթղթեր են դրվում և այն դառնում է օրինական։ Նույնը հիմա կատարվում է ձկնորսության մասով։ Մի կողմից մարդիկ ասում են՝ դե չենք կարողանում դադարեցնենք, պետք է օրինականացնենք, որ այդ գլխացավից պրծնենք։ Ձուկ են բռնում, ասում են՝ պիլոտային ծրագրով, օրենքով, որոշումներով թույլատրված է։ Բայց իրականում ՝ այն ապօրինի բիզնեսի սպասարկում է, որ որևէ մեկը այդ դաշտում չփորձի ասել,թե անօրինական ձկնորսություն է իրականացվում կամ գիտեք սիգի որսն արգելված է, հիմա արդեն տակը թուղթ են դրել»,-ասաց նախկին փոխնախարարը։
Փորձը ցույց է տալիս , որ խնդիրները չեն լուծվում և ավելին ՝ ձախողումներից դասեր չեն քաղվում։ Ղազարյանի դիտարկմամբ՝ առանցքային խնդիրները, որոնք պետք է լուծվեն երկարաժամկետ կտրվածքով, միշտ ստվերացվում են։
Սևանա լճում վերջին տարիներին կապտականաչ ջրիմուռների ակտիվացման պատճառներից մեկը օրգանական նյութերի ավելացումն է, մասնավորապես ֆոսֆորի։ Այս առումով՝ Ղազարյանը կարծում է, որ լճում սիգի քանակի ավելացումը կարող է լինել լուծում Սևանի փրկության համար։
«Եթե 3 տարի ձուկ չորսացվի, քանակությունն էապես կավելանա ՝ հասնելով օրինակ՝ շուրջ 15 հազար տոննայի։ Այդ դեպքում մենք ձկան միջոցով կարող ենք ֆոսֆորը դուրս բերել լճից։ 3-4 տարի հետո նոր կարելի է սահմանել արդյունագործական որսի որոշակի քանակություն։ Սակայն այդ հարցը չի լուծվում, քանի որ ձկնորսական կազմակերպված ապօրինի խմբերը տարեկան իրենց քանակությունը ստանում են։ Եթե մի թեթև խոսակցութուն է գնում արգելքի մասին, տեսնում ես սցենարային կրկես ՝ ճանապարհներ են փակվում և այլն և հարցը միանգամից լուծվում է հօգուտ բիզնեսի։ Արդյունքում՝ Սևանի փրկության մասով առաջնային խնդիրներն այդպես չեն լուծվում»,-ասաց նա։
Ամփոփելով խոսքը, մասնագետը եկավ եզրահանգման, որ ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, երբ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական ուղղությունները հակադրվում են, այլ ոչ թե ՝ համադրվում։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջան ավարտվում է դեկտեմբերի 1-ին
- Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները