«Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ բոլորս իր պես անթասիբ ապրենք»
«Մենք չենք մոռացել ու չենք հանդուրժելու։ Դուք, մենք, ես չենք մոռացել, թե այս դավաճանն ինչ է արել մեր երեխաների հետ, բայց այ ինքը մոռացել է»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեծ հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, երկու օր առաջ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը ցանկացած առողջ մարդու կհասցնի խելագարության։
«Կառավարության նիստի ժամանակ գերագույն գլխավոր դավաճանը, հոգին խեղված ստահակը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատասխանատուն ու մեղավորը հումոր արեց, ժպտաց, կատակեց ու հետո անցավ մյուս հարցի քննարկմանը, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Պատերազմից 100 օր անց նա վերագտավ հումոր անելու կարողությունը։ Նա ծաղրում է մեզ՝ ասելով՝ ես մոռացել եմ, թե ինչ է եղել, իսկ դուք ինչո՞ւ չեք մոռանում։ Դրա ապացույցն այն է, որ արդեն երեկ Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ապօրինաբար ձերբակալեց»,- նշեց նա։
Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ ժողովուրդը մոռանա՝ ինչպես էին Ամանորի գիշերը հազարավոր մայրեր Եռաբլուր քաղցրավենիք ու ուտելիք տանում իրենց որդիներին։
Ըստ նրա, «գերագույն գլխավոր դավաճանն» ուզում է, որ անհետ կորածների ծնողները մոռանան, որ իրենց երեխաներին հողին չեն հանձնել։
«Արդյո՞ք հնարավոր է սա մոռանալ։ Նա ուզում եմ, որ մենք մոռանանք, որ պատերազմի ավարտից հետո ինքն իր անտարբերությամբ սպանել է մեր վեց զինվորներին, որոնք անտառներում մաքառելով, կյանքի ու մահվան պայքար տալով կենդանի էին մնացել։ Իսկ նա բացարձակապես ոչինչ չարեց այդ տղաներին փրկելու համար։ Նա ուզում է, որ մենք մոռանանք մեր գերեվարված եղբայրներին, որ մենք մոռանանք, թե ինչպես պատերազմի ավարտից հետո տասնյակ գերիներ ունեցանք. կին գերիներ ունենք, որ դժոխք են ապրում ադրբեջանական բանտերում, որոնց ընտանիքներում շարունակական սուգ է»,- ներկայացրեց քաղաքական գործիչը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ մարդիկ հավատան, թե Արցախը տալով մարդկանց պրոբլեմներն ավարտվել են, թե հայերն էլ խնդիր չունեն։
«Իսկ իրականում անզորության, անտերության, անպաշտպանության զգացումը մտել է բոլորիս հոգիները։ Այսօր այս երկրում ամենապաշտպանվածը այդ դավաճանն ու իր՝ ձեռքերն արյունոտ ոհմակն են։ Միայն իրեն են պաշտպանում։ Նա ուզում է, որ մենք մոռանանք վիրավոր Արցախը։ Նա ուզում է ձեզ հերթական անգամ խաբել։ Նա ուզում է, որ մենք մոռանանք՝ թշնամու հետ բաց սահմանները մեզ ստիպելու են ավելի ամուր փակել մեր դռները...։ Նա ուզում է, որ աշխարհով մեկ սփռված հայերն ապրեն հոգիները ճնշված, թասիբները վիրավոր։ Նա ուզում է ասել, որ բոլորս իր պես անթասիբ ենք ապրում»,- շեշտեց Արփինե Հովհաննիսյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի մոռանալու, ապրելու է հիշելով, որ իր սուգը չի ավարտվել, քանի դեռ «դավաճանը» կա։
«Եվ ուրեմն, մենք բոլորս պետք է հիշենք մի բան, մենք պետք է շարժվենք դեպի լույս՝ հանուն արժանապատվության, հանուն պետության, հանուն ընկած ու ապրող հերոսների, հանուն Հայաստանի պատիվը բարձր պահած հայերի, հանուն այն Հայաստանի, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Հայաստան»,- եզրափակեց խոսքը Արփինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան