«Հրապարակ». Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն նոր կազմով կսկսի աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջիկայում կսկսի աշխատանքները, սակայն՝ նոր կազմով։ Հիշեցնենք, որ պատերազմից սկսած, հանձնաժողովը նիստեր չի գումարել։ Ըստ որոշ լուրերի, պատերազմի ավարտից հետո հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամների մեծ մասը ժամանակավրեպ է համարում հանձնաժողովի աշխատանքը, և չեն ներկայանում նիստերին։
Հիշեցնենք. իրավաբան-գիտնական անդամներն են Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը։ Հանձնաժողովի աշխատանքներին այլևս մասնակցելու ցանկություն չունի նաև ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հայտարարել է այդ մասին։ Այս անձինք առաջիկայում կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունն արդարադատության նախարարությանն է։
Տարոն Սիմոնյանը երեկ մեզ ասաց, որ իրեն ևս տեղեկություններ են հասել, թե փորձում են նոր կազմ ձևավորել։ Ինքը պնդում է, որ այդ աշխատանքները ժամանակավրեպ են, և չի մասնակցելու դրանց։ Սակայն դա չի նշանակում, որ իշխանությունը ձեռք է քաշել սահմանադրական փոփոխություններ անելուց, պարզապես դրանք այլևս արվում են խորհրդարանի միջոցով՝ ըստ Դանիել Իոաննիսյանի և Վահե Գրիգորյանի մշակումների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: