Մայրենիի օրն այս թող յուրօրինակ կոչ լինի մեր բոլոր օտարախոս հայրենակիցներին. ԱՀ ԿԳՄՍ նախարար
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր ուղերձ է տարածել Մայրենիի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ բոլորիս թերևս ամենալուսավոր տոնի՝ Մայրենիի օրվա կապակցությամբ, օր, որը չափազանց պարտավորեցնող է, հատկապես՝ մեր օրերում՝ հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում, և, միաժամանակ, մայրենիի հանդեպ ծառացած խնդիրներին անդրադառնալու և արդյունավետ լուծումներ փնտրելու յուրօրինակ առիթ է:
Հիրավի, տարեցտարի ավելի ու ավելի շատ միջոցառումներ ենք կազմակերպում՝ նվիրված մայրենիին, գիտակցում ենք, որ այն յուրաքանչյուր հայիս համար խորհրդանշական իմաստ ունի, որ հայոց լեզուն մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունը և արժանապատվությունը, բայց և միաժամանակ արձանագրում ենք, որ շատ են նաև անելիքները, որոնք գլխավորապես պայմանավորված են արդի մարտահրավերներով: Այո՛, մարտահրավերները միշտ են եղել՝ մեր ծննդյան օրից առ այսօր, սակայն ներկայումս այլ են դրանք, այլ տեսքով, այլ բովանդակությամբ, թեև յուրաքանչյուրն էլ դժգույն սպառնալիք է մեր ինքնությանն ու գոյին: Ու ինչպես մեր պատմության օրհասական պահերին, այսօր ևս հայերենը, հանց բացառիկ ալմաստ վահան, չի ընկրկում ժամանակի և ճակատագրի հարվածներից. նա ամուր է իր հզոր Արարատի պես, անհաղթելի Հայկ նահապետի, հազարամյա հայի, ոչնչից և երբեք չվհատվող արցախցու պես:
Պարզապես, մեր հոգատարության կարիքն ունի, մեր հարգալից վերաբերմունքի, անմնացորդ սիրո և նվիրումի:
Մայրենիի օրն այս թող յուրօրինակ կոչ լինի մեր բոլոր օտարախոս հայրենակիցներին, որ օր առաջ փոխեն վերաբերմունքն առ մեր ինքնության գլխավոր կռվան հայոց լեզուն, և բոլորիս՝ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերիս,որ այսուհետ անաղարտ պահենք այն, որպես սուրբ մասունք, զերծ մնանք լեզվական մեղանչումներից, անտարբեր չլինենք, այլ հոգ տանենք ու ապրենք նրանով՝ մեր բացառիկ լեզվով:
Շնորհավոր օրդ, Հայոց լեզու, չխամրող զարդ, հայ ազգածառի կենարար արմատ, մեր ոգու մշտնջենական ակունք»: